Ուղիղ եթեր
Ներքին 3 ժամ առաջ - 09:00 10-06-2026

Անթալիա, Ստամբուլ, Բրյուսել․ ԱԳՆ-ում գործուղմա՞ն են մեկնում, թե՞ զվարճանքի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ հանրությանը հրամցվում են դատարկ քաղաքական օրակարգեր՝ Արտաքին գործերի նախարարությունում 2026 թվականի ապրիլին տեղի է ունեցել պետական միջոցների ուշագրավ շարժ: Մասնավորապես՝ ԱԳՆ-ի հաշվետվություններից պարզ է դառնում, որ գերատեսչության աշխատակիցների շրջանում գտնվել են այնպիսինները, որոնց համար հարկատուների գումարների հաշվին էկզոտիկ ուղղություններով ավիատոմեսեր են գնվել։

Նախևառաջ պետք է պարզել, թե ի՞նչ կապ ունեն հանգստյան գոտիներն ու էկզոտիկ ուղղությունները արտաքին քաղաքականության հետ՝ այն դեպքում, երբ ԱԳՆ-ի ուղղակի և առաջնային պարտականությունը միջազգային հարաբերությունների ապահովումն է ու դիվանագիտական այցերի կազմակերպումը։



Ըստ 2026 թվականի ապրիլ ամսվա հաշվետվության՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունից ձեռք է բերվել 3 ավիատոմս՝ Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 459․912 ՀՀ դրամ։ Ամենամեծ տարակուսանքն ու հարցերը առաջացնում են դեպի Թուրքիայի հանգստավայրեր կատարված չվերթերը: ԱԳՆ հաշվետվությունից պարզ է դառնում, որ ավիատոմսեր են ձեռք բերվել նաև Ստամբուլի և Անթալիայի ուղղություններով։

Հարց է առաջանում՝ ԱԳՆ ապրիլյան օրակարգում Ստամբուլից հետո Անթալիան ի՞նչ դեր և նշանակություն ունի։ Ի՞նչ դիվանագիտական առաքելություն ունի Հայաստանը Թուրքիայի հանրահայտ հանգստյան գոտում:

Առնվազն ողջամիտ կասկածներ են առաջանում առ այն, որ պաշտոնական գործուղման անվան տակ հարկատուների հաշվին հանգիստ ու զվարճանք է կազմակերպվում։

Համապատասխան ցանկից պարզում ենք, որ Անթալիա-Ստամբուլ-Երևան ուղղության համար ձեռք է բերվել 3 ավիատոմս՝ 478․272 դրամ ընդհանուր արժեքով: Նույն ուղղությամբ ևս 1 ավիատոմս է գնվել՝ այս անգամ 167․215 դրամով:

Ուշագրավ է, որ ավիատոմսերը ձեռք են բերվել աստղաբաշխական գներով՝ «Թուրքական ավիաուղիներ» (Turkish Airlines) ավիաընկերությունից, չնայած այն բանին, որ դեպի Երևան չվերթներ է իրականացնում նաև թուրքական բյուջետային Pegasus ավիաընկերությունը, որն, ի դեպ, անհամեմատ ավելի ցածր գներ է առաջարկում։

Սույն հաշվետվության մեջ ևս մեկ ուշագրավ տող է առկա․ «Brussels» ավիաընկերությամբ ձեռք է բերել 1 ավիատոմս՝ Երևան-Բրյուսել ուղղությամբ, որի արժեքը կազմել է 356․610 ՀՀ դրամ։ Ցանկում նշված տոմսի արժեքի կողքին բացարձակապես որևէ նշում չկա՝ բուն ուղևորության նպատակի, հանդիպումների կամ պաշտոնական օրակարգի մասին։

Հետաքրքրական է, թե ի՞նչ կոնկրետ առաքելությամբ է ապրիլին ԱԳՆ ներկայացուցիչը մեկնել Բելգիայի մայրաքաղաք, ո՞վ է եղել այդ 356․610 դրամանոց տոմսի տերը, և ինչո՞ւ է այս այցի արդյունքների մասին լռում գերատեսչությունը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ՝ բարձրացված բոլոր հարցերի, մասնավորապես՝ Անթալիա մեկնած անձանց ցանկն ու այդ այցելությունների պաշտոնական հիմնավորումները ստանալու նպատակով, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Եթե այս հրապարակումից հետո վերջինս պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն ունենա, ապա պատրաստ ենք լսել դրանք և հրապարակել։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան