Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:23 09-06-2026

ԵՄ-ն ՀՀ բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները

ԵՄ-ն բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ:

«Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին:

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական զեկույցների և եզրակացությունների՝ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ հիմնավոր իրավական շրջանակներում:

Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այնուամենայնիվ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների իր ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը:

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղու վրա աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և փոխկապակցվածությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան