Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:00 09-06-2026

11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ իշխանական քարոզչամեքենան ու իշխանամետ ԶԼՄ-ները զբաղված են երկրորդական թեմաներով, ՀՀ Հաշվեքննիչ պալատը հերթական պլանային ստուգումների շրջանակներում արձանագրել է աղաղակող խախտումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են քաղաքացիների առողջությանն ու կյանքի անվտանգությանը: Խոսքն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունում տիրող բարձիթողի վիճակի մասին է, մասնավորապես՝ դեղերի շուկայի վերահսկողության, արտադրության և մեծածախ շրջանառության ոլորտներում:

Համաձայն պաշտոնական զեկույցի տվյալների՝ հաշվեքննության նպատակն է եղել գնահատել դեղերի արտադրությունը և մեծածախ իրացումը լիցենզավորելու գործընթացի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին։ Ստուգումների արդյունքում 11 խախտում է հայտնաբերվել, որոնք փաստում են լիազոր մարմնի կատարյալ անգործությունը։



Փաստաթղթի տվյալներից տեղեկանում ենք, որ հաշվեքննությունն իրականացվել է 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը և վերաբերել է 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին։ Փաստաթուղթը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանը՝ 2026 թվականի ապրիլի 21-ին։



Այսպես, դեղերի արտադրության գործող լիցենզիա ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտ գործունեություն է իրականացրել առանց պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի: Նախարարությունը նրանց գործունեությունը չի դադարեցրել:

7 տնտեսվարող սուբյեկտ դեղեր է արտադրել առանց համապատասխան որակավորված անձի առկայության:

Լիցենզիա ունեցող 19 սուբյեկտից 5-ը հաշվետվություն չի ներկայացրել արտադրվող դեղերի մասին: Բացի այդ, 16 տնտեսվարող չի ներկայացրել արտահանված արտադրանքի տարեկան հաշվետվությունը կամ արտահանում չունենալու մասին գրավոր ծանուցումը:





Արձանագրվել է, որ պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր չունեցող 95 տնտեսվարող սուբյեկտ ազատորեն գործել է շուկայում, և նախարարության կողմից նրանց գործունեությունը չի դադարեցվել:

50 տնտեսվարող սուբյեկտ առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է դեղերի մեծածախ իրացում: Եվս 3 տնտեսվարող իրականացրել է դեղատնային գործունեություն՝ բացարձակապես առանց օրենքով սահմանված լիցենզիայի:

143 տնտեսվարող սուբյեկտ մեծածախ կարգով իրացված դեղերի վերաբերյալ որևէ հաշվետվություն չի ներկայացրել:





Բացահայտվել է, որ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած 10 տնտեսվարողից 7-ը չեն ներկայացրել վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզավորված կազմակերպությունների հետ կնքված պայմանագրեր: Որտե՞ղ են հայտնվում ժամկետանց կամ խոտանված դեղերը՝ մնում է միայն գուշակել:

Նախարարությունը չի ապահովել մեծածախ իրացման լիցենզիա ունեցողների մասին պաշտոնական կայքի վարման կարգի սահմանումը: Արդյունքում՝ կայքում հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:





Դեղն այնպիսի ապրանք է, որի արտադրության, լիցենզավորման կամ թափոնների վնասազերծման ցանկացած թերացում կարող է դառնալ մահացու հարված սպառողի համար: Ցանկացած կայացած ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրում նմանատիպ պաշտոնական զեկույցի հրապարակումից հետո պատասխանատու նախարարն անհապաղ կհեռացվեր աշխատանքից կամ կենթարկվեր քրեական պատասխանատվության: Սակայն Հայաստանում պատկերը լրիվ այլ է։



Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ու ողջ իշխանական մեդիան այս մասով խորհրդավոր լռություն է պահպանում։ Այս աղաղակող տվյալները երբևէ չեն բարձրաձայնվում հանրային հարթակներում կամ խորհրդարանական ամբիոններից:
Կարելի է ենթադրել, որ փորձ է արվում խնդիրը թաքցնել, որպեսզի հանրությունը չիրազեկվի, թե ինչ քաոս է տիրում դեղերի շուկայում և ինչպիսի վտանգի է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի «սիրո օբյեկտը»՝ ժողովուրդը։



Այս ամենը մեկտեղելով՝ ստացվում է մտահոգիչ պատկեր. առանց հավաստագրերի գործող արտադրողներ, առանց լիցենզիայի աշխատող կազմակերպություններ, հարյուրավոր չներկայացված հաշվետվություններ, թափոնների կառավարման նկատմամբ անբավարար վերահսկողություն, թերի տեղեկատվական համակարգեր և օրենքի պահանջների կատարման նկատմամբ թույլ վերահսկողություն։

Առողջապահության նախարարությունում տիրող այս բարձիթողի վիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հռչակված «օրենքի դիկտատուրան» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է սեփական թիմակիցների ձախողումները թաքցնելու սովորական դարձած գործելաոճը: Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար