Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած անձանց հարազատների հետ։
Ինչպես հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Հանդիպման ընթացքում անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեագրման տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը շարունակում են մնալ իր գործունեության առաջնահերթություններից։
Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև, որ անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նրանց իրավունքների երաշխավորումն ապահովելու համար։