Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 շաբաթ առաջ - 10:00 27-05-2026

«Համար 1»՝ իշխող թիմում, նոր համազգեստ՝ շքերթի համար, հնդիկները նորոգում են զինտեխնիկան․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 15 րոպեով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրընկալվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նախաստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարճ բացման ու փակման խոսք ասաց և հեռացավ։

Իշխանական գործիչները սա ներկայացնում են որպես դարի համագործակցություն, նոր նշաձող հայ-ամերիկյան հարաբերություններում՝ ընդգծելով, թե Ամերիկան որքան է կարևորում ՀՀ-ի դերը։ Եվ հատկապես այս այցի ֆոնին հանրային և քաղաքական քննարկումներում կրկին ակտիվացել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացվածության հարցը Հայաստանում։ Մասնավորապես, եթե Հայաստանի համար ԱՄՆ-ն կարևոր է, ինչո՞ւ Հայաստանում ներկայում չկա ԱՄՆ դեսպան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքից հանվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների լուսանկարները։ Նրանք նախկին ոստիկանապետերն են, որոնց դեմքերով ճանաչում էին մարդիկ։

Լուսանկարների անհետացումը հարցեր է առաջացրել՝ հատկապես այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ վարչությունների պետերը մասնակցել են իշխանության հանրահավաքներին ու հանդիպումներին։

ՆԳՆ-ից նշել են, որ դա կապված է նոր եռալեզու կայքի և թվայնացման սկզբունքների հետ՝ հերքելով քաղաքական ենթատեքստը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ազգային կրթության խորհուրդը շարունակում է ահազանգել՝ Հայաստանում շուրջ 229-231 փոքր դպրոց կարող է միավորվել կամ դադարեցնել գործունեությունը։ Խորհրդի տվյալներով՝ վտանգի տակ են հազարավոր աշակերտների կրթությունն ու հարյուրավոր ուսուցիչների աշխատանքը, հատկապես սահմանամերձ համայնքներում։

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է դպրոցների փակման մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման նախագիծ չի շրջանառվում, և կրթական քաղաքականությունն ուղղված է նոր դպրոցների կառուցմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը։

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել` բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երեւան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:

Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի` ի աջակցություն իշխանությունների:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։

Թերթի տեղեկություններով՝ մոտ 5 հազար նոր համազգեստ է ձեռք բերվել, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները ներկայանան նոր տեսքով, սակայն ամբողջ բանակը նոր համազգեստ կստանա միայն հաջորդ տարվա վերջին:

«Հրապարակ» թերթը գրում է ․ Սևան քաղաքի անգարներում աշխատող հնդիկ մասնագետներից տեղեկացանք, որ իրենք վերանորոգում են Հայաստան ներկրված զինտեխնիկան, որպեսզի դրանք ուղարկվեն պաշտպանության նախարարության զորամասեր։

Նոր գնված զինտեխնիկայի նորոգելու պատճառը ո՞րն է, հետաքրքրվեցինք մենք։ Մեզ մանրամասներ չասացին, բայց բացատրեցին, որ դրանք Սևանի անգարներում ձևափոխում են, հարմարեցնում են Հայաստանի պայմաններին։

Զինտեխնիկայի մի մասն էլ նորոգման կարիք ունի, քանի որ Հայաստան տեղափոխման ընթացքում վնասվել է։

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, հենց տեղում կեսժամանոց հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` նախագահական սրահում, չհանդիպեց Փաշինյանի հետ։ Հայտարարվեց փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ հուշագիրը որեւէ կարեւորություն չունեցող փաստաթուղթ է, իսկ Ռուբիոյի այցը կազմակերպվել է ընդամենը հօգուտ Փաշինյանի մի քանի ձայն ավելացնելու համար։ Բանն այն է, որ մայիսի սկզբներին Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, ըստ սոցհարցումների, մի քանի սեգմենտում մի չնչին չափով բարձրացրել է իշխանության վարկանիշը, ՔՊ-ի արտաքին հովանավորները փորձում են նույնը կրկնել։