Հայաստանում այժմ իշխում է մի մարդ, որն իր մեջ միավորում է երեք հատկանիշ՝ արկածախնդրություն, վախկոտություն, ստախոսություն, և դա իսկական ռումբ է Հայաստանի Հանրապետության հիմքի տակ։ Այս մասին Արմավիրի մարզի վարչական կենտրոն Արմավիր քաղաքում «Հայաստան» դաշինքի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչն ընդդիմադիր դաշինքի թիմը համեմատել է սակրավորների ջոկատի հետ, որոնց առաքելությունն է՝ զգուշությամբ վնասազերծել այս սպառնալիքը, այն տեղափոխել անվտանգ վայր և այնտեղ ոչնչացնել։ Քոչարյանն ընդգծել է, որ գործող ռեժիմի հեռանալուց հետո երկրին սպասվում է ծանր, մանրակրկիտ վերականգնողական աշխատանք, քանի որ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է փչացնել հարաբերությունները հին ռազմավարական դաշնակիցների հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել նոր հուսալի գործընկերներ։ Նախկին նախագահի խոսքով՝ Հայաստանը փոքր պետություն է չափազանց բարդ տարածաշրջանում, ուստի արկածախնդիր արտաքին քաղաքականության վարումը անվտանգության և տնտեսության համար աղետալի ռիսկեր է պարունակում։ Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Փաշինյանն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի դուր գա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ավելացնելով, որ այդ մասին թող Բրիջիթը մտածի, մինչդեռ Հայաստանը պետք է ունենա իր հստակ պետական նպատակները։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ առանց պրոֆեսիոնալ կառավարման, խիստ կարգապահության, կարգուկանոնի և նպատակադրության երկիրը կվերածվի անհասկանալի միավորի, որտեղից քամի փչի, փորձելու է հարմարվել այդ քամուն։ Քաղաքական գործիչը քննադատել է Փաշինյանին այն բանի համար, որ նա Բրյուսելում բամբասում է Ռուսաստանից, ասում է՝ թիմ բերեք հիբրիդային պատերազմներից պաշտպանվելու համար, գալիս է Հայաստան, ասում է Ռուսաստանի հետ եղբայրություն է։
Երկրորդ նախագահն ընդգծել է, որ այս երկերեսանիության հետևանքը դառնում են ՌԴ-ի կողմից սահմանի վրա կիրառվող անվերջ տնտեսական սահմանափակումներն ու արգելքները, որոնք ուղիղ հարվածում են հայկական ընտանիքների և բիզնեսի բարեկեցությանը։ Քոչարյանը հիշեցրել է, որ Փաշինյանն ի վերջո կրկին կհայտնի հասարակությանը. «դե ինչ անեմ, հարիֆ եմ», ինչպես դա արդեն եղել էր 2018-2020 թվականներին, երբ նա սադրում էր Ադրբեջանին և Թուրքիային այնքան ժամանակ, մինչև պատերազմը սկսվեց, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ պարծենում էր և օդ էր բարձրացնում «Սու» կործանիչները, որոնք, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ հրթիռներ չունեին։
Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը նախազգուշացրել է քաղաքացիներին՝ չներքաշել Հայաստանը վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ և արհեստականորեն չհակադրել երկիրը տարբեր համաշխարհային կենտրոնների հետ։ Քոչարյանը Փաշինյանին անվանել է «ադրբեջանական ռումբ», որը դեռ չի պայթել, բայց ունակ է ոչնչացնել պետականությունը։
Քաղաքական գործիչը կոչ է արել Արմավիրի բնակիչներին ակտիվ բացատրական աշխատանք տանել իրենց հարևանների և հարազատների շրջանում, որպեսզի վերջ դրվի այս խայտառակությանը։ Ամփոփելով իր խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով քվեարկում է գործող վարչապետի օգտին, փաստացի իր ձայնը տալիս է Իլհամ Ալիևին, և կոչ է արել հունիսի 7-ին համախմբվել, ցուցաբերել առավելագույն սթափություն և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել 17 համարի ներքո։