Ներքին 4 ամիս առաջ - 09:52 23-05-2026

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է ՀՀ-ից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլի իրացումը

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռոսպոտրեբնադզորը վերահսկողություն է իրականացնում շրջանառվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ։ Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունում։

«Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն արտադրանքի իրացման կասեցման և անորակ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու մասին»,- հավելել են Ռոսպոտրեբնադզորում։

Նշվում է, որ «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» է համարվում «Սովորական սորտային կարմիր կիսաքաղցր գինի «Գետափ Վերնաշեն» (11% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «Սովորական սորտային սպիտակ չոր գինի «Վեդի Ալկո» Հարջի, Տ3 «Legends Arni» (12% սպիրտ, 0,75 լ, շշալցված՝ 17.12.2024) արտադրությունը՝ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի։

«Անորակ» արտադրանքի ցանկում է նաև «Սովորական հնգամյա կոնյակ «Հայկական կոնյակ 5 աստղ» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Աբովյան)։ Բացի այդ, «անհամապատասխանություն» է հայտնաբերվել «Մարկային հնեցված հայկական կոնյակ «ԿՎ» յոթնամյա «Շահնազարյան ХО» (40% սպիրտ, 0,5 լ, շշալցված՝ 16.05.2025) արտադրանքի մոտ, որն արտադրվել է «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Եղվարդ)։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց էր սահմանել Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում կասեցնելու վերաբերյալ՝ «հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության հայտնաբերված գերազանցման» պատճառով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել