Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:30-ի սահմաններում, դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն։ Խուզարկություններ են իրականացվել նաև Գրիգորյանի գրասենյակներում։
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանն այս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ի ցուցակով։
ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Լիզա Գասպարյանը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածն իրենց համար սպասելի էր, քանի որ նախօրեին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, նրա գնահատմամբ, անհանգստացրել է իշխանության ներկայացուցիչներին։
«Երբ Գյումրիում ունենում ենք մարդաշատ ու ջերմ հանդիպումներ՝ բնիկ գյումրեցիների և շիրակցիների մասնակցությամբ, հաջորդ օրը սկսվում են ձերբակալություններն ու խուզարկությունները։ Առավոտյան ժամը 7-ին լցվում են Մարտուն Գրիգորյանի գրասենյակներ, թիմակիցների տներ։ Երեկ ԲՀԿ առաջնորդը Գյումրիում էր, իսկ պարոն Գրիգորյանն իր քաղաքական խոսքում նշել էր, որ «Գյումրի-2» լինելու է, և ասել էր, որ հաջորդ օրը սպասում են ձերբակալությունների։ Այսօր տեսնում ենք, որ այդ ամենը սինխրոն կերպով իրականացվում է»,- ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ իշխանությունները տեսնում են ԲՀԿ-ի աճող վարկանիշը։
«Մեզ համար սա սպասելի էր, որովհետև նման գործողություններն այնքան հաճախ են կրկնվում, որ արդեն անգիր գիտենք սցենարը։ Իշխանականները կորցնում են հավասարակշռությունը, մինչդեռ պարոն Գրիգորյանը մնում է հավասարակշռված։ Իշխանությունները խիստ վախեցած են «Գյումրի-2» սցենարի կրկնությունից»,- նշեց նա։
Գասպարյանի գնահատմամբ՝ ՔՊ ներկայացուցիչները չեն վարում սոլիդ և գրագետ քաղաքական պայքար։
«Այլ քաղաքական ուժերի պարագայում նման վարքագիծ չենք նկատում։ Բոլորը միմյանց նկատմամբ հարգալից են, ինչպես դա տեսանք նաև Գյումրիում։ Ցնցումների մեջ բացառապես իշխանական կողմն է։ Ցեխ շպրտելով մարդուն չես կարող սևացնել, որովհետև բոլորս գիտենք, որ Մարտուն Գրիգորյանը Գյումրիում վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ է՝ իր կայուն էլեկտորատով։ Անընդհատ ցեխ շպրտելը, ահաբեկելն ու ձերբակալությունները միայն բացասաբար են ազդելու հենց իրենց վարկանիշի վրա»,- ասաց նա։
Մարտուն Գրիգորյանի թիմակցի պնդմամբ՝ Գյումրիի ընտրություններում Գրիգորյանի դերակատարությունը կարևոր էր, և այն հանգամանքը, որ ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չձևավորեց, իշխանականներին դրդում է փորձել վնասել նրա հեղինակությանը։ «Նրան փորձում են դուրս մղել ընտրական օրակարգից, բայց մենք, անկախ ամեն ինչից, պինդ ենք, դիմացկուն ենք, ունենք իմունիտետ»,- եզրափակեց ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Լիզա Գասպարյանը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի երկու թիմակիցներ, որոնցից մեկը Գյումրու ավագանու անդամ է։
Անահիտ Չալիկյան