«Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի՝ եզրափակիչ փուլ չանցնելը մեծ քննարկումների և դժգոհությունների ալիք է բարձրացրել համացանցում։
Հայտնի հաղորդավարներ Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը բավականին կոշտ են արձագանքել տեղի ունեցածին՝ թիրախավորելով թե՛ երգի ընտրությունը, թե՛ պատասխանատուների աշխատանքը։
Հաղորդավար Արա Ղազարյանը, ով սովորաբար ակտիվորեն աջակցում է Հայաստանի պատվիրակներին, խոստովանել է, որ այս տարի կանխազգում էր ձախողումը։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ պասիվություն է ցուցաբերել սոցցանցերում։
«ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ ԵՍ ԳԻՏԵԻ ՈՐ ԵՐԳԸ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ։ Մտերիմ ընկերներս կփաստեն, որ ես դա ասել եմ ամենատարբեր առիթներով։ Երգն ու ելույթը ոչ մի բանի մասին էր... Այսքանը»,- գրել է Արա Ղազարյանը՝ շեշտելով, որ մրցույթի նկատմամբ այս տարի տիրում էր «ֆենոմենալ անտարբերություն»։
Անմասն չի մնացել նաև ԱՄՆ-ում բնակվող հաղորդավար Մհեր Բաղդասարյանը։ Նա իր հերթին ձախողման ողջ պատասխանատվությունը դրել է կազմակերպչական կողմի վրա։
«Հանրային հեռուստաընկերությունը տապալեց»,– կարճ և կոնկրետ ձևակերպել է Մհերը՝ ակնարկելով, որ մասնակցի ընտրության և նախապատրաստական աշխատանքների հարցում թույլ են տրվել սկզբունքային սխալներ։
Հայաստանի այս տարվա պատվիրակ Սիմոնը հանդես եկավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն քվեարկության արդյունքում չկարողացավ հայտնվել լավագույն տասնյակում և դուրս մնաց հետագա պայքարից։ Սա վերջին տարիների հազվադեպ դեպքերից է, երբ Հայաստանը չի հաղթահարում «Եվրատեսիլ»-ի նախնական փուլը։
Համացանցում կարծիքները բաժանվել են. շատերը համաձայն են հաղորդավարների հետ՝ նշելով, որ երգը մրցունակ չէր, իսկ մյուսները պաշտպանում են արտիստին՝ համարելով, որ նա արել է առավելագույնը։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան