Ներքին 5 ամիս առաջ - 18:31 08-05-2026

Հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը

2026 թվականի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17)՝ դառնալով միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ համաշխարհային առաջընթացը և մինչև 2030 թվականը նախատեսված առաջնահերթ քայլերը։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական նշանակության մի շարք կարևոր թեմաներ։

Համաժողովի առանցքային թեման լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Մասնակիցները կգնահատեն ծրագրի իրականացման համաշխարհային առաջընթացը, ինչպես նաև կքննարկեն մոնիթորինգի, հաշվետվողականության և իրականացմանն աջակցող մեխանիզմները։

Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության, գիտելիքների կառավարման, ինչպես նաև հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկմանն առնչվող հարցերը։

Քննարկումների առանցքում կլինի նաև ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ այլ կոնվենցիաների ու կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացմանը, որոնք վերաբերում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։

Երևանյան հանդիպման օրակարգում ներառված են նաև գենետիկական ռեսուրսների թվային տվյալների օգտագործման, սինթետիկ կենսաբանության, գենդերային հավասարության, ինչպես նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջապահության ու ծովային էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության թեմաները։

Քննարկվելու են նաև անտառային կենսաբազմազանության, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության հարցերի՝ քաղաքականությունների ու ոլորտային կառավարման համակարգերում ինտեգրման ուղղությամբ հետագա քայլերը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած