Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, անդրադառնալով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլըչի այն հայտարարությանը, թե Երևանում իրեն զգում է «ինչպես տանը», կարծիք հայտնեց, թե այս արտահայտությունը չպետք է դիտարկել բացառապես դիվանագիտական համատեքստում։
«Կարծում եմ՝ սա ոչ թե դիվանագիտական ձևակերպում է, այլ ավելի շատ հոգեվիճակի դրսևորում։ Դա պայմանավորված է քաղաքական իրողություններով, որովհետև այսօր Հայաստանում կա իշխանություն, որն իրականացնում է այն, ինչ Թուրքիան տասնամյակներ շարունակ փորձել է իրականացնել»,–
Oragir.News-ի հետ զրույցում նշեց նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման ընկալումը ձևավորվել է նաև Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում։
«Տասնամյակներ շարունակ Թուրքիան միլիարդավոր դոլարներ էր ծախսում՝ հակազդելու հայկական պետականությանը և լոբբինգին, իսկ այսօր այդ ամենը, փաստացի, իրականացվում է առանց այդ ծախսերի։ Այդ պայմաններում բնական է, որ նրանք իրենց այստեղ ավելի վստահ են զգում»,– ասաց Մաթևոսյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ նա նշեց, որ դա հնարավոր է միայն որոշակի պայմանների դեպքում։
«Հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան կընդունի իր կողմից իրականացված քաղաքական հանցագործության փաստը և որոշակի ձևով պատասխանատվություն կկրի դրա համար։ Թե դա ինչ ձև կստանա՝ փոխհատուցում, թե այլ տարբերակ, այլ հարց է»,– նշեց նա։
Միևնույն ժամանակ, Մաթևոսյանը ընդգծեց, որ ներկայիս պայմաններում նման զարգացումը քիչ հավանական է։
«Գուցե ներկայիս իրողություններում սա ֆանտաստիկ է թվում, բայց առանց այդ քայլի հարաբերությունների իրական կարգավորում հնարավոր չէ»,– հավելեց քաղաքագետը։
Խոսելով նաև Թուրքիայի փոխնախագահի հնարավոր այցի և դրա ազդեցության մասին՝ նա նշել է, որ նման այցերը էական փոփոխություն չեն բերելու։
«Թուրքիայի փոխնախագահի այցը որևէ կերպ չի ազդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Նման այցերը նախկինում էլ են եղել, սակայն չեն հանգեցրել հարաբերությունների կարգավորմանը»,– ընդգծեց նա։
Մաթևոսյանը նաև հիշեցրեց, որ նախկինում ևս բարձր մակարդակի շփումներ են տեղի ունեցել, սակայն առանց արդյունքի։
«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ Թուրքիայի ղեկավարությունը այցելել է Հայաստան, սակայն դա չի բերել հարաբերությունների կարգավորման, քանի որ առանց հիմնարար խնդիրների լուծման՝ դա հնարավոր չէ»,– ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ խնդրի առանցքում մնում է պատմական և քաղաքական պատասխանատվության հարցը։
«Թուրքիան մեր դեմ հանցագործություն է կատարել և փորձում է մեզ ստիպել մոռանալ դրա մասին։ Այդ պայմաններում հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դժվար է»,– եզրափակեց Մաթևոսյանը։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան