Մարզահամերգային համալիրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում Oragir.News-ը զրուցել է նաև ակցիայի մասնակիցներից մեկի հետ, ով ներկայացրել է իր գնահատականը տեղի ունեցողի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ակցիայի հիմնական նպատակը գործող իշխանությունների նկատմամբ անվստահություն հայտնելն է։
«Նպատակը, վերջնական, իմ կարծիքով, անվստահություն հայտնելն է այսօրվա ղեկավարությանը։ Դա է միակ լուծումը, բայց, ցավոք, ես արդեն մի քանի ժամ է այստեղ եմ, և որևէ ներկայացուցիչ չենք տեսնում»,- ասաց նա։
Մասնակիցը նշեց, որ ակցիայի միջոցով փորձել են արտահայտել իրենց դժգոհությունը։
«Իհարկե, մեր ըմբոստությունը մենք ցույց տվեցինք, բայց ընդհանուր առմամբ մասնակցությունն այնքան էլ մեծ չէ, և նաև չենք տեսնում քաղաքական ուժերի ներկայություն»,- նշեց նա։
Նա անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտին՝ նշելով, որ սպասում էին ավելի լայն ներգրավվածություն։
«Մենք չենք տեսնում նաև ընդդիմադիրներին։ Օրինակ՝ լավ կլիներ, որ տարբեր քաղաքական ուժեր այստեղ լինեին իրենց խմբերով, որովհետև այստեղ հավաքվել են մարդիկ՝ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ անհետ կորածների հարցով»,- ասաց նա։
Մասնակիցը նաև քննադատեց որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները։
«Երբ ասում են, որ տարածքային պահանջներ չունենք կամ հարևանների հետ խնդիրներ չկան, դա անհասկանալի է, հատկապես երբ խոսում են արցախցիների վերադարձի մասին։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ուր պետք է վերադառնան»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները մտահոգիչ են։
«Այս խոսույթը մեզ անհանգստացնում է, և եթե կան բացատրություններ, պետք է հստակ ներկայացվեն հասարակությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով ակցիայի ընդհանուր մթնոլորտին՝ մասնակիցը նշեց, որ այն կազմակերպված է հիմնականում քաղաքացիների կողմից։
«Մենք ենք այստեղ, մենք ենք փորձում մեր ձայնը բարձրացնել։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է»,- ընդգծեց նա։
Վերջում նա նշեց, որ ակնկալում են ավելի լայն արձագանք։
«Մենք սպասում ենք, որ այս ամենը ավելի մեծ արձագանք կստանա և մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։