Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 01-05-2026

Փաշինյանի Հայաստանը «ծաղկում է», Սամվել Կարապետյանը ձեռքով էր ասֆալտ փռում, ՀԷՑ-ի գինը․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 1-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նախևառաջ շնորհավորել է Հայաստանում աշխատող և հարկեր վճարող քաղաքացիներին՝ պնդելով, որ վերջին տարիներին աշխատանքի ոլորտում հաջողվել է հասնել լուրջ հաջողությունների։ Նա պնդել է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել և արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ Փաշինյանի խոսքով՝ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ «Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ թեպետ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, այնուամենայնիվ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Դիմելով Հայաստանում աշխատող բոլոր, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացինին՝ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանն այսօր ծաղկում է ապրում, ինչը բոլորի աշխատանքի արդյունքն է։ Ուղերձի վերջում նա կրկին շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, փառաբանել նահատակներին ու Հայաստանի Հանրապետությանը։

Մայիսի 1-ի առթիվ քաղաքացիներին շնորհավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընդգծելով, որ հաջողության գլխավոր գրավականը սեփական գործի խորքային ըմբռնումն ու քրտնաջան աշխատանքն են, իսկ կայացման սկզբնական փուլերում դա նշանակում է «աշխատանք օրը 24 ժամ։ Կարապետյանը նշել է, որ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել մանկության տարիները։ Մայիսմեկյան տոները, դպրոցական շքերթներն ու գերազանցիկների ուղևորությունները Տաշիր նրա մեջ ձևավորել են կոլեկտիվ պատասխանատվության զգացում և ձեռքբերումների ձգտում։ «Դա ուրախություն էր բոլորի համար», - նշել է նա։ Կարապետյանը նշել է, որ իր կյանքի առանցքային փուլերից մեկը 1990-ականներն էին, երբ աշխատում էր Կալուգայում և բառի բուն իմաստով կանգնած էր գոյատևման հարցը։ Կարապետյանի պնդմամբ՝ իր առաջին աշխատանքային փորձը ևս կապված է եղել ծանր ֆիզիկական աշխատանքի հետ, երբ ուսանողական տարիներին եղբոր հետ ամառային ամիսներին մեկնում էր արտագնա աշխատանքի և զբաղվում ասֆալտ փռելով։ «Դա շատ ծանր աշխատանք էր․ մենք ասֆալտը փռում էինք ձեռքով։ Այն, ինչ հիմա անում է տեխնիկան, այն ժամանակ անում էինք մեր ձեռքերով», - պատմել է նա, հատուկ շեշտելով, որ վաստակած գումարի մի մասը նա տալիս էր ծնողներին, իսկ մնացածն օգտագործում էր ուսման տարիներին ապրելու համար։ Կարապետյանն հավելել է, որ հենց այդ ճանապարհն է՝ ծանր աշխատանքից մինչև միջազգային բրենդի ստեղծումը, դարձել իր մասնագիտական և կյանքի փորձի հիմքը։

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։ «Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։ «Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան