Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:35 29-04-2026

ՔՊ-ականները նեղսրտած են, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի, ուժայիններում նախընտրական «զտում» է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։

Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։

Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։

«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը՝ ոչ։

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:

Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները: ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան։


«Հրապարակ» թերթը գրում է․ Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:

Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռեւս չեն հաստատել իրենց այցը, եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։

«Հրապարակ» թերթը գրում է. Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտ­նում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։

Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից՝ «այլեւս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» բացատրությամբ, հետո «չերեզներով» տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։

Ընդ որում՝ զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են, դիցուք, մի ընդդիմադիր բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ, ասենք, 3-4 տարի առաջ է հանդիպել։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։

Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով` ընտրության տանել եւ ձայներ ապահովել իշխանությունների համար։

Մարզպետներն ընդամենը հաստիքացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում, եւ, ըստ այդմ, համապատասխան ֆինանսավորում է տրամադրվում շտաբներին։

Մի խոսքով, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի` եկել է մեծ «խոպանի» ու պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը:

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Սամվել Կարապետյանի կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջինս ընտրակաշառքի խոստումներ է տվել արցախահայերին։

Արցախցիների շրջանում տարածված լուրերի համաձայն,«կամանդիրին» փուռն են տվել հենց արցախահայերը, որոնց հետ վերջինս Կարապետյանին միանալուց հետո սկսել է դիստանցիայով շփվել, իսկ որոշների հետ մի այլ կարգի «շոկոլադնի» հարաբերությունների մեջ է, ինչը դուր չի եկել արցախահայ շատ հայրենակիցների։