Մամուլ 4 ամիս առաջ - 07:50 29-04-2026

Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Արամ Գրիգորյանը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր Արամ Գրիգորյանի հրապարակային հայտարարագրային տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա և ինչպես է այն ձևավորվել պետական համակարգում աշխատելու տարիների ընթացքում։

Դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազական և քննչական համակարգերում, իսկ ներկայում զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը՝ մասնագիտացած լինելով կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

Կենսագրություն և աշխատանքային ուղի
Արամ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ուսման տարիներին և դրանից հետո նա ունեցել է նաև տարբեր աշխատանքային փորձ․ սկզբում աշխատել է որպես բանվոր, այնուհետև ծառայել է խորհրդային բանակում։

Իրավաբանական համակարգում նրա կարիերան սկսվել է 1991 թվականից, երբ նա աշխատել է որպես իրավախորհրդատու մասնավոր կազմակերպությունում։ Հետագայում նա անցել է դատախազական համակարգ՝ տարբեր մարզերում զբաղեցնելով քննիչի և ավագ քննիչի պաշտոններ՝ Վայքում, Սևանում, Գեղարքունիքում և Երևանում։

1997-2007 թվականներին Գրիգորյանը աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում, որտեղ սկզբում եղել է քննիչ, ապա՝ ավագ քննիչ և դատախազի օգնական։ Հետագայում ծառայել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում և Հատուկ քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոններ։
2018-2022 թվականներին նա եղել է ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի խորհրդական, իսկ 2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հայտարարագրած գույքն ու եկամուտները

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ դատավոր Արամ Գրիգորյանը վերջին տարիներին հայտարարագրել է հետևյալ գույքն ու ֆինանսական միջոցները։
Նա ունի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ստացել է ժառանգությամբ։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 90 օր և ավելի տիրապետվող ավտոտնակ և ավտոկայանատեղի։

Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։

Ֆինանսական միջոցների մասով 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ դատավորի բանկային հաշիվներին առկա է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար և 2,445,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են 5,000 եվրո և 15,000 ԱՄՆ դոլար։

15,9 միլիոն դրամ աշխատավարձ
Դատավորի հիմնական եկամուտը ձևավորվում է պետական աշխատավարձից․ ըստ հայտարարագրի՝ նա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից ստացել է շուրջ 15,9 միլիոն դրամ աշխատավարձ։
Բացի այդ, հաշվետու տարում նա հայտարարագրել է նաև շուրջ 4,8 միլիոն դրամի ծախսեր՝ կապված ճանապարհածախսի և կեցության հետ։

Նախորդ տարիների տվյալներ
2023 թվականին Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 18,2 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև բանկային և կանխիկ միջոցներ՝ ներառյալ դոլար և եվրո։

2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը ներառում է աշխատավարձ, կենսաթոշակ և այլ պետական վճարումներ։ Այդ տարվա ընթացքում նա ունեցել է նաև շուրջ 6,800 դոլար կանխիկ միջոց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են