ՊԵԿ-ի հրապարակած 2026 թ․ առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծել, թե տնտեսությունում կա աճ և առաջընթաց։ Սակայն 2025 թ․ նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը ցույց է տալիս ավելի բարդ և ոչ միանշանակ պատկեր։
Այո, ընդհանուր հարկային մուտքերը աճել են, սակայն այս աճը մեծամասամբ պայմանավորված է ոչ թե որակական տնտեսական զարգացմամբ, այլ գնաճով և արդեն գործող խոշոր բիզնեսների շրջանառության մեծացմամբ։ Այլ կերպ ասած՝ նույն խաղացողներն են, բայց պարզապես ավելի շատ են վճարում։
Ամենաակնհայտ խնդիրը շարունակում է մնալ նույնը․ խոշոր հարկատուների ցանկը գրեթե չի թարմանում։ Տարիներ շարունակ նույն ընկերություններն են զբաղեցնում առաջատար դիրքերը՝ հանքարդյունաբերություն, ներմուծում և բանկային համակարգ։ Սա վկայում է ոչ թե կայունության, այլ մրցակցային միջավայրի սահմանափակության մասին, որտեղ նոր բիզնեսների համար վերև բարձրանալը շարունակում է մնալ դժվար։
Օրինակ՝ առաջատարների շարքում կրկին հանդիպում ենք հանքարդյունաբերական հսկաներին, ինչպեսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որի դիրքերը տարիներ շարունակ մեծապես կախված են եղել մետաղների միջազգային գներից։ Սա նշանակում է, որ հարկային մուտքերի զգալի մասը շարունակում է պայմանավորված լինել արտաքին շուկաներով, ոչ թե ներքին տնտեսական զարգացմամբ։
Նույն պատկերը բանկային համակարգում է։ Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ բանկը շարունակում են մնալ խոշոր հարկատուների առաջին քսանյակում։ Այստեղ փոփոխությունները հիմնականում դիրքային են՝ պայմանավորված շահութաբերության տատանումներով, բայց ոչ նոր խաղացողների մուտքով։
Առևտրի և ներմուծման ոլորտի գերակշռությունը ևս պահպանվում է, ինչը կրկին ցույց է տալիս, որ տնտեսության կառուցվածքում խորքային փոփոխություններ տեղի չեն ունենում։ Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները՝ օրինակ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս Օիլ», ինչպես նաև խոշոր դիստրիբյուտորները, շարունակում են պահպանել բարձր դիրքեր։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ տնտեսության խոշոր հարկատուների զգալի մասը ձևավորվում է ոչ թե արտադրությունից, այլ ներմուծումից և վերավաճառքից։ Արտադրության և բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտների կշիռը շարունակում է մնալ սահմանափակ։
Խոշոր հարկատուների ցուցակում մշտապես հանդիպում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Գրանտ Տոբակոն», «Ֆիլիպ Մորիս Արմենիան» և «Մասիս Տոբակոն»։ Ծխախոտի վրա ակցիզային հարկը բարձր է, և հենց դա է պատճառը, որ այս ոլորտի ընկերությունները մեծ հարկային վճարումներ են ապահովում։ Սա ոչ այնքան շահութաբերության, որքան հարկային կառուցվածքի հետևանք է։ Այսինքն՝ այստեղ չկա տնտեսական մեծ արտադրողականություն․ այն մեծ մասամբ պայմանավորված է ակցիզային հարկերով, ոչ թե ավելացված արժեք ստեղծող արտադրությամբ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ արտադրական հատվածում խոշոր հարկատու համարվող «Ջերմուկ Գրուպ»-ը, որը 2025թ․ առաջին եռամսյակում զբաղեցնում էր 15-րդ հորիզոնականը, 2026–ին նահանջել է 80 կետով՝ զբաղեցնելով 95-րդ հորիզոնականը։ Սա զգալի անկում է, որը, ըստ որոշ գնահատականների, կարող է պայմանավորված լինել նաև արտաքին շուկաների, մասնավորապես Ռուսաստանի ուղղությամբ արտահանման սահմանափակումներով կամ դժվարություններով։ Զարմանալի է, որ այսպիսի անկում ունեցող ընկերությունից բողոքի ոչ մի ձայն չի լսվում։
Թեև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որոշ առաջընթաց կա, այն դեռևս չի կարող էական ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերում։ Մի քանի աճող ընկերությունների ներկայությունը չի փոխում ընդհանուր համակարգային կախվածությունը տնտեսության ավանդական ճյուղերից։
Հակառակ պատկերն էլ կա․ օրինակ՝ շինարարական ոլորտի որոշ ընկերություններ, որոնք նախորդ տարիներին բարձր դիրքեր ունեին, 2026-ին արդեն սկսել են նահանջել՝ շուկայի սառեցման կամ ծրագրերի դանդաղման պատճառով։
Խոշոր հարկատուների ցուցակի առաջատարը մի քանի տարի շարունակ պահպանում է «Մոբայլ Ցենտր» ընկերությունը։ Այն զբաղվում է բջջային սարքերի ներմուծմամբ և վաճառքով, և նրա վճարած բարձր հարկերը հիմնականում ձևավորվում են մեծ շրջանառությունից։ Սակայն այս աճը դժվար է դիտարկել որպես ներքին արտադրողականության արդյունք։ Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է էլեկտրոնիկայի ներմուծումն ու վերաարտահանումը դեպի երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան, ինչը կապված է նաև գլոբալ սահմանափակումների ու առևտրային շղթաների վերադասավորման հետ։
Այս համատեքստում նման ընկերությունների բարձր հարկային ցուցանիշները մեծապես պայմանավորված են հենց այդ վերաարտահանման հոսքերով։ Սա նշանակում է, որ նրանց ներկայիս դիրքերը կարող են նույնքան արագ փոփոխվել, որքան արագ փոխվում է արտաքին միջավայրը՝ սանկցիոն ռեժիմները, լոգիստիկ ուղիները կամ պահանջարկը։
Միևնույն ժամանակ, ցուցակից դուրս մնացած կամ դիրքեր կորցրած ընկերությունները հաճախ փոխարինվում են նույն ոլորտի այլ խաղացողներով, ոչ թե նոր ուղղություններով աշխատող բիզնեսներով։ Սա խոսում է ոչ թե տնտեսական դիվերսիֆիկացիայի, այլ նույն կառուցվածքի ներսում վերադասավորումների մասին։
Արդյունքում ստացվում է հակասական պատկեր․ թվերը աճում են, բայց տնտեսության որակը՝ ոչ։ Խոշոր հարկատուների ցուցակը շարունակում է արտացոլել ոչ թե նոր տնտեսական մոդելի ձևավորում, այլ արդեն գոյություն ունեցող համակարգի իներտ զարգացումը։ Արդյունքում ստացվում է փակ շրջան․ նույն հանքարդյունաբերողները, նույն բանկերը, նույն ներմուծողները՝ պարզապես տարբեր հերթականությամբ։ Սա է հիմնական հակասությունը․ հարկային մուտքերը աճում են, բայց տնտեսության կառուցվածքը՝ գրեթե ոչ։
Եվ քանի դեռ TOP-1000-ում էականորեն չեն ավելանում արտադրական, արտահանող կամ բարձր տեխնոլոգիական նոր ընկերություններ, այս ցուցակը շարունակելու է ավելի շատ խոսել համակարգի սահմանափակումների, քան զարգացման մասին։
Անի Կեսոյան
Անի Կեսոյան