Լույս է տեսել արվեստաբան Էմմա Չուգասզյանի նոր աշխատությունը, որը նվիրված է Հովհաննես արքաեղբոր պատվիրած երեք Ավետարան ձեռագրերին։
Oragir.News-ի հետ զրույցում հեղինակը ներկայացրել է գրքի գաղափարը, ստեղծման պատմությունն ու դրա գիտական նշանակությունը։
Չուգազյանի խոսքով՝ գիրքը կոչվում է The Half-Blood Prince and His Artistic Legacy («Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը»)։ Նրա խոսքով՝ Հովհաննես արքաեղբայրը բառի բուն և փոխաբերական իմաստով «կիսարյուն արքայազն» էր, քանի որ նա միաժամանակ պատկանում էր թե՛ իշխանական տոհմին, թե՛ հոգևորական դասին։
«Հովհաննես արքաեղբայրը Հեթում Ա թագավորի համահայր եղբայրն էր՝ նույն հորից, բայց տարբեր մորից։ Նա ոչ միայն իշխանական տոհմի ներկայացուցիչ էր, այլև հոգևորական, ինչպես նաև ձեռագրերի խոշոր պատվիրատու»,- նշել է Չուգասզյանը։
Հեղինակի գնահատմամբ՝ Հովհաննես արքաեղբայրը կարևոր դեր է ունեցել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ճաշակի ձևավորման մեջ։
«Նրա շնորհիվ մանրանկարչության մեջ ձևավորվում է մի զուգահեռ ուղղություն, որը կարելի է համեմատել Թորոս Ռոսլինի արվեստի հետ։ Սակայն այս ուղղությունն ավելի արևմտամետ էր, քանի որ Հովհաննես արքաեղբայրը կիսով չափ ֆրանկական ծագում ուներ․ նրա մայրը Բեատրիսն էր, որը ֆրանկական ծագմամբ էր»,- ասել է նա։
Էմմա Չուգասզյանը պատմել է նաև, որ գրքի հիմքում իր դոկտորական ատենախոսությունն է, որը պաշտպանել է Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում։ Տարիներ անց հեղինակը վերաիմաստավորել և ընդլայնել է ուսումնասիրությունը՝ այն վերածելով երեք մենագրությունների շարքի։
Նրա խոսքով՝ առաջին գիրքը՝ «Վասակ իշխանի Ավետարանը», լույս է տեսել 2023 թվականին, երկրորդը՝ «Կերան թագուհու Ավետարանը»՝ 2024-ին, իսկ նոր հրատարակությունը եռագրության երրորդ մասն է։
Խոսելով ստեղծագործական ընթացքի մասին՝ արվեստաբանը նշել է, որ գրքի ստեղծման ամբողջ գործընթացը հաճույք է եղել իր համար։
«Թե՛ գրելու, թե՛ ձևավորման ընթացքը մեծ հաճույք է։ Ամենապատասխանատու փուլը վերջին շաբաթներն են, երբ գիրքը պետք է հանձնել տպարան և հետևել, որ ամեն ինչ ճշգրիտ լինի»,- ասել է նա։
Չուգասզյանի խոսքով՝ գիրքը վաճառքի է լինելու թե՛ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, թե՛ Հայաստանում։ Այն հրատարակվել է երկու տարբերակով՝ սահմանափակ քանակով հատուկ ձևավորմամբ 50 օրինակ և սովորական տարբերակով, որը նախատեսված է լայն վաճառքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան