Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:00 20-04-2026

Եվտուշենկովը Ռոբերտ Քոչարյանի վերադաձի՞ն է սպասում․ Մերգելյան-ՊՆ վեճը մտնում է դատարան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև հակամարտությունը նոր փուլ է մտել՝ վերածվելով ոչ միայն իրավական, այլև քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացի։

Oragir.News-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր 2018 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրին, որով ինստիտուտի տարածքների մի մասը տրամադրվել էր օգտագործման, իսկ ինստիտուտը պարտավորվել էր մատակարարել որոշակի արտադրանք։

ՊՆ-ն ավելի քան 7 տարի անց «հիշել էր», որ այդ պարտավորությունները չեն կատարվել, ինչի հիմքով էլ միակողմանիորեն լուծարել է պայմանագիրը և պահանջել շուրջ 100 հազար դոլարի չափով գումար՝ ներառյալ տույժերն ու տուգանքները։ Սակայն զարգացումները դրանով չեն սահմանափակվել։

Մերգելյանի ինստիտուտը ոչ միայն հայտնվել է պետական գնումների «սև ցուցակում», այլև դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊՆ-ի կողմից պայմանագրի միակողմանի լուծարումը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը նոր փուլ է մտել․ ինստիտուտի սեփականատիրոջ փոփոխությունից հետո, ավելի ստույգ՝ ռուս գործարար Եվգենի Եվտուշենկովի կողմից այն ձեռք բերվելուց հետո ՊՆ-ն ակտիվացրել է իր պահանջները։

Պարզվում է՝ Եվտուշենկովը ոչ միայն չի պատրաստվում վճարել 10 տարվա վաղեմություն ունեցող բազմամիլիոն տուգանքները, այլև գործը տեղափոխել է դատարան։ Չի բացառվում, որ Եվտուշենկովը հաշվարկել է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի գործոնը, այդ պատճառով էլ չի շտապում կատարել վիճահարույց ֆինանսական պարտավորությունները և դատի է տալիս ՊՆ-ին։

Մյուս կողմից էլ գուցե սա կապված է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցի և դրան հաջորդած զարգացումների միջև։ Քաղաքական որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ այդ այցը ևս կարող էր ազդել գործարարի հետագա գործողությունների վրա։

Այսպիսով, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մերգելյան ինստիտուտը՝ Եվգենի Եվտուշենկովի գլխավորությամբ, վիճարկում է ՊՆ-ի գործողությունները՝ պնդելով, որ պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները կատարել է։ Միաժամանակ հաստատություն հղում է անում 2017 թվականի որոշ իրավական ակտերի և հետագա վարչական գործընթացների վրա՝ փորձելով հիմնավորել, որ նախարարության պահանջները չունեն բավարար իրավական հիմք կամ ենթակա են վիճարկման վաղեմության տեսանկյունից։


Փաստաթղթային այս ձևակերպումները վկայում են, որ ինստիտուտը որդեգրել է պաշտպանական ակտիվ ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն չեղարկել ֆինանսական պահանջները, այլև վերականգնել իր հեղինակությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել Oragir.News-ի՝ Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի և նախարարության միջև ծագած իրավական վեճը։

Մեր հարցին, թե ի՞նչ իրավական հետևանքներ են հնարավոր այն դեպքում, երբ կողմը հրաժարվում է վճարումներից կամ չի ընդունում նախարարության պահանջները՝ ՊՆ խոսնակը կարճ կապեց․ «Ցավոք սրտի՝ չեմ կարող մեկնաբանել»։ Մերգելյան ինստիտուտի որևէ պատասխանատուի հետ այս անգամ ևս չհաջողվեց կապ հաստատել։

Ստեղծվում է տպավորություն, որ ինստիտուտը նախընտրում է ձեռնպահ մնալ հրապարակային մեկնաբանություններից և խուսափում է լրատվամիջոցների հետ թեմայի շուրջ հարցադրումներից, թեպետ գործընթացներն ակտիվորեն տեղափոխում է դատարան՝ հրաժարվելով կատարել իրեն ներկայացվող դրամական պահանջները։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան