Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 20-04-2026

Փաշինյանն ինչ գործարք էր առաջարկել Ալիևին, «Տաշիր»-ը հաղթեց, Միասնության թևերի ցուցակը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 20-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին նա առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին: «Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից հետո կողմերը ճշգրիտ դելիմիտացիա են անում ու հանգիստ թողնում միմյանց։ Այլևս չենք փորփրում, թե ով, երբ ու որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել և այլն։ Մենք փակում ենք թեման: Դա է խաղաղությունը։ Միայն այսպես մենք կարող ենք հասնել խաղաղության: Մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց մնացած բոլորն էլ ունեն իրենց ճշմարտությունը: Եվ այնպես չէ, որ երբ գնում ենք միջազգային ատյաններ, այդ հանրությունը ծափահարում է մեզ, երբ պատմում ենք մեր ճշմարտության մասին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը։ Նա նշել է, որ կան եվրոպական երկրներ և որոշակի քաղաքական շրջանակներ այդ երկրներում, որոնք համակրում են Հայաստանին, կիսում են նրա տեսակետը, պատմական նարատիվները և այլն, միևնույն ժամանակ այդ նույն երկրներում եղել են և կան շրջանակներ, որոնք կիսում են ադրբեջանական մոտեցումները։ Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ ի վերջո, այդ ամենը հանգեցրել է հակամարտության։ Նա կրկին հավաստիացրել է, թե Հայաստանը միջազգային օրենքներով պատկանող որևէ տարածք չի զիջել Ադրբեջանին, և այսօր էլ իրենք խոսում են ՀՀ-ի շուրջ 200 քմ օկուպացված տարածքի մասին։ Փաշինյանը վստահեցրել է՝ այդ հարցը սահմանազատման շրջանակում կլուծվի, քանի որ դա լեգիտիմ հարց է` չնայած միջազգային լեգիտիմությունը բացարձակ երաշխիք չէ, քանի որ աշխարհը հիմա խառն է։

Ստամբուլում Միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին՝ օգտագործելով իր լոբբիստական ազդեցությունը: Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայկական «Ակոս» պարբերականը։ Հարցին՝ հնարավո՞ր է սահմանը բացելու հարցում Թուրքիան սպասում է հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներին», Սիմոնյանը պատասխանել է հետևյալը. «Անկեղծ ասած, ես հստակ չգիտեմ, թե ինչի էին սպասում: Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը: Մենք բանակցել ենք պայմանագրի շուրջ. դա դժվար և երկարատև գործընթաց էր, բայց մենք համաձայնության ենք եկել 17 կետերի շուրջ, հանդիպել ենք այն ստորագրելու համար, ձեռք սեղմել, բայց դեռևս չստացվեց: Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ: Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը: Որովհետև, մի կողմից, նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցել մեզ հետ: Սա տարօրինակ իրավիճակ է: Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի»։ Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ լուծելու շատ հարցեր ունի, առաջնահերթությունների շարքում է այդ երկրում դեռևս պահվող 19 արցախցիների, ինչպես նաև հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: «Հույս ունենք, որ այս հարցը ժամանակի խնդիր կդառնա: Հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Երկու կողմից էլ ամեն ինչ արված է: Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ ասելու շատ բան չունեն. վիճելի հարցեր չկան: Կրկնում եմ՝ սա գալիս է լոբբինգից: Թուրքիան այս ազդեցության գերին է»,- եզրափակել է նա։

Այսօր տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը կայացրել է որոշում՝ հաստատելու «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անուններն Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը և Աստղիկ Մատինյանը։ Առաջին տասնյակում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ով պաշտոնից ազատվել էր այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը հակասող դիրքորոշում էր հայտնել՝ ասելով, որ ՀԷՑ-ի հարցով միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է, և գրականագետ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը։ Վերջիններս ցուցակում զբաղեցնում են 8 և 9-րդ հորիզոնականները։

Մանրամասները՝ տեսանյութում: Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից