Մենք առաջարկում ենք ոչ տրադիցիոնալ քարոզարշավ։
Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այսօր տեսնում ենք, որ մեկը մյուսին ասում է, թե ով ինչքան կբարձրացնի թոշակը, ով ինչքան աշխատատեղ կստեղծի։ Մեկն ասում է ես 100 000, նրանք ասում են՝ 200 000, մյուսն ասում է՝ ես 300 000։ Մյուսն է ասում է՝ եթե ես չընտրվեմ, բոլորիդ սպանելու են, պատերազմով է սպառնում։
Մենք չենք մտնելու այսպես կոչված ծրագրային անիմաստ արշավի մեջ։ Ծրագրային ընտրությունների մասին չի այս խոսակցությունը, այս ընտրություններում որոշվելու է Հայաստանը՝ որպես հայկական պետություն, մնալո՞ւ է, թե՞ չի մնալու։ Այսինք այս ընտրությունները պետության բովանդակության մասին են։ Ոչ թե կոնկրետ վերցրած առանձին կենսաթոշակային տարիքի հասած մարդու թոշակի, այլ պետության բովանդակությունը պաշտպանո՞ւմ ենք, թե՞ գնում ենք պետության բովանդակությունը կորցնելու ճանապարհով։ Ահա նաև դա է պատճառը, որ մենք մտել ենք ընտրապայքարի մեջ։
Մենք անպայման մեր գաղափարները, մեր մոտեցումները մարդկանց ներկայացնելու ենք, հնարավորինս հանդիպումների և մեդիա տիրույթում մեր ակտիվությամբ և անելու ենք ոչ տրադիցիոն քարոզարշավ, ոչ տրադիցիոն մեխանիզմներով ու մեթոդներով», - հայտարարեց Մարուքյանը։