Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:00 15-04-2026

Թուրքիայի հետ բանակցություններում առաջընթաց չկա, դրա համար էլ Միրզոյանն Անթալիա չի գնում

2022 թվականից մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը կներկայացնի ոչ թե արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշեց, որ Հայաստանի՝ ավելի ցածր մակարդակով մասնակցությունը կարող է դիտարկվել նաև որպես որոշակի քաղաքական ազդակ, սակայն դա դժվար թե ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա։

«Չեմ կարծում, որ մասնակցության մակարդակի փոփոխությունը որևէ էական ազդեցություն կունենա թուրքական կողմի քաղաքականության վրա։ Դա ավելի շատ կարող է դիտարկվել որպես հայկական կողմի որոշակի վերաբերմունքի դրսևորում, բայց ոչ գործոն, որը կփոխի ընդհանուր իրավիճակը»,- նշեց քաղաքագետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում ներկայում ավելի կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական ուղղությունը։

«Այս փուլում Հայաստանի իշխանությունները փորձում են ակտիվորեն շեշտադրել եվրոպական ուղղությունը՝ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ մեդիա դաշտում։ Սակայն, եթե նայենք խորքային գործընթացներին, ապա դա հաճախ ներկայացվում է որպես առաջնահերթություն, մինչդեռ իրականում որոշակի խաբկանքի տարրեր ունի։ Հանրությանը փորձում են համոզել, որ Հայաստանը շարժվում է եվրոպական ուղով, բայց զուգահեռ իրականացվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ երկիրը աստիճանաբար ավելի է մոտեցվում թուրքական աշխարհին։ Եվ այսպես կոչված եվրոպական օրակարգը շատ դեպքերում օգտագործվում է հենց այդ գործընթացը քողարկելու, մեղմացնելու և հանրային ընկալման մեջ այլ պատկեր ձևավորելու համար»,- ասաց նա։

Միևնույն համատեքստում Մաթևոսյանը անդրադարձավ նաև Ռուսաստանի գործոնին՝ նշելով, որ տարածաշրջանային բալանսի խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

«Եթե մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, պետք է հաշվի առնենք նաև Ռուսաստանի գործոնը։ Տարիներ շարունակ Հայաստանի անվտանգության համակարգը մեծապես հիմնված է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վրա, և հենց այդ հարաբերությունների շնորհիվ է, որ որոշ չափով զսպվել է Թուրքիայի գործոնը տարածաշրջանում։ Եթե այս բալանսը խախտվում է, և Ռուսաստանը դուրս է մղվում կամ նրա դերակատարությունը նվազեցվում է, ապա դա ինքնաբերաբար ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը, ինչը Հայաստանի համար կարող է առաջացնել լրացուցիչ ռիսկեր»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա՝ Մաթևոսյանը հիշեցրեց 2021 թվականի իրադարձությունները։

«Եթե հիշենք 2021 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բավականին լարված էր, պաշտոնական Անկարան բավական ակտիվ դիրքորոշում ցուցաբերեց և տարբեր մակարդակներով աջակցեց գործող իշխանություններին։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան արդեն ունի որոշակի դերակատարություն և ազդեցություն Հայաստանի քաղաքական գործընթացների վրա, և այդ հանգամանքը պետք չէ թերագնահատել»,- նշեց նա։

Քաղաքագետը նաև անդրադարձավ հայ-թուրքական բանակցությունների հնարավոր շարունակականությանը՝ իշխանափոխության դեպքում։

Նրա խոսքով՝ գործընթացի զարգացումը կախված կլինի այն բանից, թե ով կձևավորի իշխանություն Հայաստանում, սակայն դժվար է պատկերացնել, որ բանակցությունները կսկսվեն «զրոյական կետից»։

«Անկախ նրանից, թե ապագայում ով կլինի իշխանության, դժվար է պատկերացնել մի սցենար, երբ ամբողջ գործընթացը կսկսվի զրոյից։ Ավելի հավանական է, որ նոր իշխանությունները կփորձեն վերանայել արդեն գոյություն ունեցող մոտեցումները, ուղղել որոշակի սխալներ և փորձել առավել շահավետ դիրքերից շարունակել բանակցությունները, այլ ոչ թե ամբողջությամբ հրաժարվել դրանցից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է ապրիլի 17-ից 19-ը, իսկ Ստամբուլում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովը՝ ապրիլի 15-ից 19-ը: Հայաստանը մասնակցելու է այդ միջոցառումներին։


Մերի Հակոբյան