Ներքին 2 ամիս առաջ - 19:00 14-04-2026

Ասֆալտի բրենդը սպառվել է․ բոլոր ճանապարհները Նիկոլի անխոչընդոտ երթևեկության համար են

«Սա կառավարման ճգնաժամ է, որը ՔՊ-ում ամենուր է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն, անդրադառնալով «Իսակովի պողոտայում» իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին և ճանապարհի մի կողմի ժամանակավոր փակմանը։

Նրա խոսքով՝ ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է իրականացվեն ավելի հստակ պլանավորմամբ և սեղմ ժամկետներում՝ նվազեցնելով խցանումներն ու անհարմարությունները։

«Աշխատանքների ճիշտ կազմակերպում պետք է լինի։ Հաշվի առնելով, որ այս հատվածում երթևեկության ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, կարելի էր աշխատանքները հիմնականում կազմակերպել ոչ աշխատանքային օրերին և հնարավորության դեպքում ավելի ինտենսիվ տեմպով՝ դրանք ավելի շուտ ավարտելու համար»,– նշել է Մանուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ ներկայիս կազմակերպման դեպքում առաջանում են խցանումներ, ուշացումներ և լրացուցիչ դժվարություններ քաղաքացիների համար՝ պայմանավորված ոչ բավարար համակարգված աշխատանքով։

«Երբ դիտարկում ես իրավիճակը, դժվար է հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են աշխատանքները կազմակերպվում։ Արդյունքում քաղաքացիները բախվում են խցանումների, ուշանում աշխատանքից, քանի որ գործընթացը բավարար համակարգված չէ։ Սա հենց կառավարման խնդիր է, որը ՔՊ-ում, ըստ էության, համատարած բնույթ է կրում»,– ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է հենց այս փուլում սկսվել Իսակովի պողոտայի քանդումն ու վերանորոգումը, Մանուկյանը չբացառեց քաղաքական ենթատեքստը՝ քննադատելով նաև Նիկոլ Փաշինյանին և ճանապարհաշինարարական աշխատանքների պարբերական բնույթը։

«Գիտե՞ք ոնց է, Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ են սարքում, քանի որ այս ուղղությամբ նա շհաճախ է գնում-գալիս։ Իջևան էլ է հաճախ գնում-գալիս, Սևանի ճանապարհն էլ տարվա մեջ մի քանի անգամ քերում են ու նորից սարքում, օդանավակայանի ուղղությամբ էլ նույն պատկերն է։ Այդ հատվածները տարվա ընթացքում անգամ մի քանի անգամ են վերանորոգվում կամ քերվում ու նորից ասֆալտապատվում»,- նշեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նման մոտեցումները երկարաժամկետ արդյունավետ չեն և չեն փոխում հանրային ընկալումը իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

«Ասֆալտչիկի բրենդն իրենք սպառել են։ Անգամ, եթե իրենց գլխին ասֆալտ անեն, օգուտ չի լինի։ Ասածս այն է, որ այլևս չի աշխատում։ Նույն տրամաբանությամբ են շարժվում։ Մարդիկ տեսնում են, որ հաճախ կիրառվում է նույն մեթոդը, սակայն որակի խնդիրները մնում են անփոփոխ։ Ասֆալտը անում են, հետո նույն հատվածները պարբերաբար վերասարքվում են՝ առանց կայուն և երկարաժամկետ արդյունք ապահովելու»,– ընդգծեց ավագանու անդամը։

Մանուկյանը խոսեց նաև վերահսկողության մեխանիզմների մասին՝ նշելով, որ դրանք բավարար արդյունավետ չեն գործում։

«Եթե շինարարական աշխատանքները հանձնվում են որևէ կազմակերպության, ապա պետք է ապահովվի իրական և շարունակական վերահսկողություն՝ թե՛ որակի, թե՛ ժամկետների առումով։ Սակայն գործնականում հաճախ այդ վերահսկողությունը բավարար արդյունավետ չի գործում։ Տեղում հսկողությունը կա, բայց իրական ազդեցություն չի ունենում գործընթացի վրա։ Արդյունքում՝ խնդիրները կրկնվում են, իսկ նույն սխալները ժամանակի ընթացքում նորից ի հայտ են գալիս»,– ասաց նա։

Խոսելով ընդհանուր քաղաքային ծրագրերի մասին՝ Մանուկյանը նշեց, որ խնդիրները միայն Իսակովի պողոտայով չեն սահմանափակվում։

«Ցավոք, նման իրավիճակներ նկատվում են նաև այլ նախագծերում՝ տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներում։ Քաղաքացիների մոտ ձևավորվում է այնպիսի տպավորություն, որ գործընթացները բավարար արդյունավետ չեն կառավարվում և հաճախ չեն ծառայում իրենց նպատակին»,– հավելեց նա։

Նշենք, որ ապրիլի 14-ին՝ ժամը 06:30-ից, Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է, իսկ երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց գոտով։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին