Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 10-04-2026

Դատախազը մերժեց․ Դավիթի կալանքը չի փոխվի, Քոչարյանի դատը, հայ փորձագետները Բաքվում են․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 10-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված, ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը: Այս մասին հայտնել է փասաբան Լուսինե Մարտիրոսյանը: Փաստաբանը երեկ հրապարակել էր բժշկական հետազոտությունների արդյունքը, ըստ որի Ծաղկազարդի պատարագին Փաշինյանի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայր ընկած Դավիթ Մինասյանն ուղեցի ցնցում է ստացել և փակ գանգուղեղային տրավմա ունի: Գլխավոր դատախազը երեկ հրաժարվել էր ընդունել 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիներին։ Աննա Վարդապետյանը ո՛չ ներքև իջավ, ո՛չ էլ որևէ մեկին ուղարկեց՝ լսելու 150 քաղաքացիների ստորագրությամբ նամակի հեղինակներին: Սուրբ Աննա եկեղեցում պատարագի մասնակցող երկվորյակ եղբայրները ձերբակալվել էին Փաշինյանի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրա անվտանգության աշխատակիցները, ճանապարհ բացելիս հրմշտում մարդկանց, այդ թվում՝ եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած և Փաշինյանի ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։ Կալանավորված Դավիթը մեղադրվում է խուլիգանության և վարչապետի նկատմամբ բռնության, գրավով ազատ արձակված եղբայրը՝ օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով: Կալանավորվելուց հետո Դավիթը տեղափոխվել է հիվանդանոց, այս օրերին անգամ տղայի մորը թույլ չեն տալիս տեսակցել ու խնամել նրան։

Այսօր տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատավարությունը։ Երկրորդ նախագահը դատական նիստի ժամանակ պնդել է, որ ներկայումս Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, ու օրինաստեղծությամբ է զբաղվել, որի իրավունքը բացարձակապես չունի։ Ըստ Քոչարյանի՝ այժմ փորձ է կատարվում դրա հետևանքներին ինչ-որ լուծում տալ։ «Դատարանը միայն օրենք կիրառող է, դատարանը օրենք ստեղծող չէ, մենք դուրս ենք եկել այն մոդելից, որը Հայաստանում է: Իրական խնդրի աղբյուրը այդտեղ է, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, և դրանից հետո Սահմանադրական դատարանից սկսած՝ և հատկապես Վճռաբեկ դատարանը, սկսել են օրինաստեղծությամբ զբաղվել»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը) ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, սակայն տարիներ անց գործը վերաբացվեց՝ իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ցամաքային սահմանով այսօր Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։ Հաղորդվում է, որ ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանում կանցկացվի երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների իրենց երկրներում գործունեությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակված կադրերի՝ Ադրբեջան են մեկնել Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, իշխանամետ հայացքներով քաղաքագետներ, Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Էդգար Վարդանյանը, Ռոբերտ Ղևոնդյանը, Դավիթ Ստեփանյան, թյուրքագետ Նելլի Մինասյան և այլոք։ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները պատասխան այցով նախորդ տարի էին մեկնել Ադրբեջան: Հաղորդվում է, որ առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջմղմանն ուղղված ջանքերին և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։ Դրանից առաջ էլ Ադրբեջանի պատվիրակությունն էր Երևանում, ևս մեկ այց էլ տեղի ունեցավ այց տարվա փետրվարին:

Մանրամասները՝ տեսանյութում: