Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 09-04-2026

Փաշինյանը և Պուտինը էլի կհանդիպեն, ընդդիմադիրների ցուցակները, Մայր Աթոռը դատապարտում է․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով, այլ տարբերակ չկա: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել ոչ թե համաժողովրդական հանրաքվեի միջոցով, այլ խորհրդարանում ու ինքը հենց դրա համար ցանկանում առաջիկա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Փաշինյանի նաև հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է, որ իշխանության հավակնող երկու առանցքային ուժերի առաջնորդները՝ ինքն ու Սամվել Կարապետյանը, ժողովրդին սպառնում են պատերազմով. ինքը՝ աղետաբեր, Կարապետյանը՝ տնտեսական: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հենց դա է ժողովրդավարությունը: «Ժողովրդավարությունը հենց դրա մասին է, որ քաղաքական ուժերը կարող են ասել իրենց ասելիքը, որովհետև հանրությունը պիտի լսի բոլորին ու հասկանա՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ: Եվ հետո, իրենց այդ քայլով նրանք ընդամենը հաստատում են իմ ասածը. եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպիտի բավարարվի 29 հազար 743 քմ-ով, դա ի՞նչ ա նշանակում, դա անխուսափելի պատերազմ ա, էստեղ վիճելու բան չկա»,- պնդեց նա՝ չհերքելով փաստացի, որ ժողովրդին պատերազմով սպառնալը ժողովրդավարության դրսևորում է։ Փաշինյանը նաև ասաց, որ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել է։ ««Ոնց որ թե, առնվազն 4-5 ՔԿՀ-ում եղել եմ։ Կյանքում իրավիճակներ քիչ կան, որոնցում չեմ եղել։ Ես մի բանի մասին խոսելիս, գիտեմ ինչի մասին եմ խոսում, իսկ բազմաթիվ մարդիկ այդ նույն բանի մաիսն խոսելիս, չգիտեն ինչի մասին են խոսում»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ եթե չընտրվի վարչապետ, որտե՞ղ է հայտնվելու, բանտո՞ւմ։

Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ի ընտրություններից հետո կրկին կհանդիպեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանն ասաց, որ Պուտինի հետ բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել՝ անդրադառնալով իր՝ Մոսկվա կատարած այցին և դրան արդյունքներին։ «Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի 2-րդ կեսին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով նաև, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կուլիսային հանդիպում չի եղել։ Փաշինյանի խոսքով՝ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել ոչ միայն հանդիպումների, այլև տարբեր միջոցառումների վերաբերյալ։ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»,- ասաց Փաշինյանը։

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը։ Կուսակցության համագումարը միաձայն որոշում է կայացրել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։ Կուսակցության համագումարը մեկ այլ որոշմամբ հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։ Դաշինքի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ով ցուցակում ընդգրկված չէ, ցուցակը գլխավորում է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հաջորդում է ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, չորրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն է, հինգերորդում՝ իրավաբան Ռուբեն Մխիթարյանը: Ցուցակի առաջին տասնյակում է նաև Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը: Ընդդիմադիր մյուս խոշոր ուժի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակի անունները ևս հայտնի են․ ցուցակը կգլխավորի դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրան հաջորդում են ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Աննա Գրիգորյանը։ 2021-ին ևս «Հայաստան» դաշինքի առաջին եռյակը նույն տեսքն ուներ։ Ցուցակում չորրորդը «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն է, հաջորդում են «Հայաստան» խմբակցության ներկայիս պատգմավորներ Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը և Լևոն Քոչարյանը։ Հատկանշական է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգրկված չէ ցուցակում, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 29–րդն է։ Ցուցակում չկա նաև Արմեն Ռուստամյանի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան