Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 24-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով հոկտեմբերի 16-ից կալանավորված է, դատապարտել է դեկտեմբերի 18–ին Մայր Աթոռի դեմ կատարված գրոհը։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից։ «Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ եկեղեցու սրբության սրբոց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ»,– նշել է Մկրտիչ սրբազանը։ Նրա խոսքով` կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն»,– գրել է նա։ Նա հանրության կողմից տիրադավ անունը ստացած 10 եպիսկոպոսներին հիշեցրել է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. ««Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ», ապա հիշեցրել, որ անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Նա իր աջակցություն է հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանաներին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր եկեղեցին։ Նա հորդորել է շարունակել զորակցությունը Սուրբ Էջմիածնին և կաթողիկոսին։
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որոնցով այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար կտրամադրվի ոչ թե անհատույց սեփականության, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Օրենքի նախագծի հիմնավորումներում չի նշվում, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել Նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները»։ Օրենքի նախագծի հեղինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս կարգավորման հիմքում դրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի ապրիլին Տավուշում կայացած մի խորհրդակցության հանձնարարական, ըստ որի, պետք է քննարկել ընդհանուր օգտագործման արոտավայրերով զբաղեցված հողամասերի սեփականության իրավունքով փոխանցման սահմանափակումների նպատակահարմարության հարցը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ նշված նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում վերը նշված կարգավորումներին։ Արդարադատության նախարարության դիտարկումներից հետո նախագծի հիմնավորումներից այս մասը հանվել է։ Կառավարության կողմից բերված կարգավորումները չեն կարող վերաբերել մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։
Վերջերս Ադրբեջանը գնդապետի զինվորական կոչում շնորհեց վախկոտ ու դաժան մարդասպանի՝ Ռամիլ Սաֆարովին, նրա համար, որ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, սակայն 10 օր շարունակ Հայաստանի կառավարությունից ոչ մի խոսք, ոչ մի արձագանք, ոչ մի բողոք։ Սա վիրավորանք է մեր պետության ու հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, փորձել է հասկանալ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ «Գնում է Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ–ից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գովեստի ու շնորհակալության խոսքեր է ձոնում նրա համար, որ տվել է երկու կանիստր բենզին ու կասկածելի որակի մի քանի պարկ ցորեն»,- նշել է Թաթյանը, ապա շարունակել․ «Ես հարց ունեմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ եք դուք այդքան արհամարհում մեր նահատակներին ու նրանց ընտանիքներին, որ անգամ չեք համարձակվում նրանց անունից հարցեր բարձրացնել, կամ պաշտպանել նրանց իրավունքները։ Սա է այն խաղաղությունը, որի մասին այդքան հայտարարում եք, թե բերել եք մեր ժողովրդին, իսկ ի՞նչ պետք է անի իրական ղեկավարը, իրական ղեկավարը պետք է այնպես անի, որ իր երկրի քաղաքացուն որևէ մեկը չհամարձակվի վնաս տալ, իսկ վնաս տալու դեպքում էլ հստակ իմանա, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվի, նրա հետևից գալու է արդարադատություն ու պատիժը»։
Մանրամասները՝ տեսանյութում: