Մամուլ 1 ամիս առաջ - 07:25 09-04-2026

Ինչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«E-draft հարթակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը ներկայացվել է 02.04.2026-ին, իսկ հանրային քննարկման վերջնաժամկետը սահմանված է 17.04.2026-ը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված նախագիծը և պարզեց, որ այն ուղղված է բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և բնակարանային հասանելիության բարձրացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող ծրագրերը լիարժեք չեն լուծում նման ընտանիքների խնդիրները, քանի որ գործող աջակցությունը հիմնականում միանվագ է և չի ծածկում հիփոթեքային վարկերի ամբողջական բեռը։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ առաջարկվող ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է էականորեն մեծացնել աջակցությունը․ մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ աջակցությունը կարող է տրամադրվել երկու հիմնական ձևով՝ բնակարանի կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Երկու դեպքում էլ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով՝ պետական սուբսիդավորմամբ։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ծրագրի պայմանները և պարզեց, որ շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 6 անչափահաս երեխա, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բավարարում են մի շարք այլ չափանիշների։ Մասնավորապես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 10 քմ-ից, իսկ ընտանիքի տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Հատկանշական է, որ ծրագրով նախատեսվում է նաև բավականին արտոնյալ հիփոթեքային պայմաններ․ կանխավճար չի պահանջվելու, վարկի ժամկետը սահմանված է 120 ամիս, իսկ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ զգալիորեն սուբսիդավորվելու է պետության կողմից։ Ավելին, ծրագիրը նախատեսում է նաև լրացուցիչ ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ գույքի պետական գրանցման, գնահատման և նոտարական ծառայությունների վճարները։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի օգտագործել մնացորդային գումարներ՝ բնակարանի վերանորոգման (մինչև 4 մլն դրամ) և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման (մինչև 2 մլն դրամ) համար։

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն կարող է դրանից օգտվել միայն մեկ անգամ, իսկ ծրագրի պահանջների խախտման դեպքում աջակցությունը կարող է դադարեցվել։ Որոշ դեպքերում նույնիսկ նախատեսվում է, որ ձեռք բերված գույքը կարող է փոխանցվել պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև վիճակագրական տվյալները և պարզեց, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Դրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։ Ընդհանուր առմամբ ծրագիրը կարող է անդրադառնալ շուրջ 4267 երեխաների վրա։

Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագիրը կմտնի ուժի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա իրականացումը կվերապահվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Դիմումների ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Միևնույն ժամանակ նախագիծը հանրային քննարկման փուլում արդեն ակտիվ արձագանքներ է ստացել քաղաքացիներից։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված առաջարկությունները և պարզեց, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են ծրագրի սահմանափակումներից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը գրել է․ «Ես ունեմ 3 երեխա և ապրում եմ սահմանամերձ վատ պայմաններում, քանդվող տան մեջ։ Ինչքանո՞վ է արդար, որ չեմ կարող օգտվել այս ծրագրից»։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ ունեցել է 6 երեխա, սակայն նրանցից մեկը մահացել է, և այժմ ունի 5 անչափահաս երեխա՝ ապրելով 38 քմ բնակարանում Արմավիրում, խնդրելով իրենց ևս ներառել ծրագրում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի