«Ես այդպիսի քաղաքապետարան չեմ ուզում ունենալ՝ զոռով ընտրված քաղաքապետով»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադարռնալով Երևանի քաղաքապետի աշխատանքին ու Երևանի խնդիրներին։
Երկուշաբթի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, բացարձակ, մեր նպատակն է ունենալ աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես վերամշակի Երևանում և մերձակա մարզերում հավաքվող ողջ աղբը»։
Ավինյանի այս հայտարարության վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանն իրականում հակված չէ լուրջ գործ անելու և պարզաբանեց օրինակով.
«Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի գետնանցումը, որը գտնվում է քաղաքապետարանից ընդամենը երկու րոպե հեռավորության վրա, տիրում է հակասանիտարական վիճակ, առնետներ են շրջում, և նույնիսկ սպանություն է տեղի ունեցել հենց ներկայիս իշխանությունների օրոք, սակայն քաղաքապետարանը չի կարողանում անգամ պատշաճ մաքրություն և լուսավորություն ապահովել»։
Անդրադառնալով ներդրումների թեմային՝ Մանասերյանը նշեց, որ մասնավոր հատվածը չի ցանկանում գումար ներդնել, քանի որ նման իշխանությունների հետ հնարավոր չէ լուրջ գործ անել։ Նա շեշտեց. «Եթե երկիրը չունի ներքին ներդրումներ, ապա արտաքին ներդրումների սպասելը պատրանք է»։
Այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է աղբի վերամշակման գործարան կառուցելը, Մանասերյանը պատասխանեց. «Իհարկե։ Ոչ թե իրատեսական է, այլ անհրաժեշտ է դա։ Բոլոր նորմալ, քաղաքակիրթ երկրներն ունեն այդ գործարանները։ Դա ընդամենը ցանկության, հետևողականության հարց է»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե նախատեսում են աղբի վերամշակման գործարան կառուցել։