«Պետք է դիմենք համայնքապետարանին, որ միջոցներ ձեռնարկվեն այդ «արենան» ապամոնտաժելու համար։ Ներկա պահին չգիտեմ, թե ինչ քայլեր են արդեն ձեռնարկվել»,–
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Սպիտակ քաղաքում կազմակերպված շնամարտին, դրան հաջորդած ձերբակալություններին և կենդանիներին մենամարտերի «արենայի» ապամոնտաժման հարցին, ասաց «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։
Հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է այն կարծիքը, որ տվյալ գործողությունները տեղի են ունեցել համայնքային իշխանությունների հովանավորչությամբ, Հովսեփյանը նշեց, որ ապացույցների բացակայության պատճառով չի կարող դա հաստատել:
«Սակայն այն, որ այնտեղ առնվազն ամիսը մեկ անգամ, եթե ոչ ավելի հաճախ, նման «հավաքույթներ» են տեղի ունենում, հաստատել են բազմաթիվ մասնակիցներ։ Մենք նախկինում երբեք հստակ օր չենք իմացել, որ այցելեինք։ Իսկ սա միակ դեպքն էր, երբ ունեինք կոնկրետ տեղեկություն՝ օրվա և ժամի վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Վայրը, փաստորեն, բավականին կտրված էր ճանապարհից, լրիվ չոլի մեջ, եթե գեոլոկացիա չլիներ, անհնար կլիներ գտնելy»,- հայտնեց կենդանասերը։
«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ հիմնադիր նախագահ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը հայտնեց, որ օրենքով միջոցներ են ձեռնարկելու շնամարտը բացառելու համար։
«Մեր աշխատանքային խումբը չի նահանջելու։ Մենք օրենքով սահմանված կարգով կձեռնարկենք բոլոր միջոցներն այս երևույթը, որը կոչվում է շնամարտ, այլևս մեր հասարակությունից բացառելու նպատակով։ Հանրությանն են ներկայացվելու բոլոր այն տեսանյութերը, որոնցով արդեն ուղարկել ենք հանցագործության մասին հաղորդումներ»,- ասաց նա։
Oragir.News-ը փորձեց պարզել, թե Սպիտակի համայնքապետարանը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում իր համայնքում, հատկապես հաշվի առնելով, որ շնամարտերը կրել են մեծամասշտաբ և պարբերական բնույթ։ Բացի այդ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել «արենայի» ապամոնտաժման ուղղությամբ։
Համայնքապետարանի աշխատակցուհին՝ նախ մեզ խնդրեց գրավոր ուղղել հարցերը, ապա՝
Oragir.News-ի պնդումներից հետո խոստացավ ավելի ուշ կապ հաստատել մեզ հետ, ինչը, այդպես էլ չկատարեց։
Oragir.News-ի փորձերը՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն ստանալ ձերբակալված և բերման ենթարկված շնամարտի կազմակերպիչների ճակատագրերի վերաբերյալ, դարձյալ չհաջողվեց։
Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն
տարածեց՝ տեղեկացնելով, որ Սպիտակում շնամարտեր անցկացնելու համար բերման ենթարկվածները ձերբակալվել են։
Հիշեցնենք, Սպիտակի ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ։