«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ավարտին է հասցնում նախընտրական շտաբների ձևավորումը. յուրաքանչյուր համայնքում կլինի մեկական շտաբ (մեծում՝ երկու)։ Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից. նույնիսկ նախկին հանրապետականներին կամ այլ ուժերի ցուցակով ընտրվածներին առաջարկում են ղեկավարել՝ հետագա պաշտոնավարումն ապահովելու դիմաց։ Օրինակ՝ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը (նախկինում ընդդիմադիր) համաձայնել է։ Մարզային շտաբները ղեկավարելու են մարզպետները։ Բացառություն Սյունիքում. Գորիսի շտաբի պետը կլինի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը՝ Նարեկ Բաբայանը, Սիսիանինը՝ Կարեն Համբարձումյանը, Մեղրիինը՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Քաջարանինը՝ ավագանու ՔՊ անդամ Արմեն Առաքելյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով ուզում էր «Զեկույց» անունով ընդդիմադիր կուսակցություն ստեղծել: Դրանից առաջ «Սպայկան» ՌԴ-ում խնդիրներ ուներ, որոնք Աբրահամյանը լուծեց: Այդ խնդիրները ծագել էին ԱՄՆ դեսպանի՝ ընկերություն այցելելուց հետո: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ղազարյանը ՀՀ իշխանությունների ճնշման տակ փոշմանել է ու պատրաստակամություն հայտնել՝ առաջիկա ընտրություններում աջակցել Փաշինյանին, ինչի պատճառով կրկին սանկցիաների տակ է ընկել Ռուսաստանում. հիմա արգելել են «Սպայկայի»՝ ծաղիկներով բեռնատարների մուտքը ՌԴ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախընտրական ցուցակի պատվավոր 50-յակում տեղ զբաղեցրած Արաքսյա Վարդանյանը, որն այժմ աշխատում է կուսակցության գրասենյակում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, պարզվում է, որ ոչ վաղ անցյալում եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը։ 2021 թվականի ընտրություններին նա մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով եւ ընտրություններից 2 օր առաջ կոշտ գրառումներ արել Փաշինյանի դեմ՝ գրելով, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։ ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես կուսակցության հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել. Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է ընդդեմ Ռուսաստանի։ Հիմա ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «բացատրական աշխատանք» են տանում, որ նրանք այլեւս չհանդուրժեն կրավորական կեցվածքը. պետք է կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, մասնավորապես՝ հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն Ռուսաստանում լուրջ դժվարությունների։ Հայ հասարակությանը նույնպես ժամանակ է տրվել՝ որոշելու՝ Փաշինյանին պահո՞ւմ են առաջիկա նյութական զրկանքների գնով, թե՞ մերժում են»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի տարեսկզբին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանն անկախ դարձնելու նպատակով։ Կենտրոնի կառավարումն իրականացնում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։ Նախորդ տարի կենտրոնին հատկացվել էր 371 մլն 840 հազար դրամ, իսկ այս տարի ֆինանսավորումն աճել է մինչեւ 438 մլն 518 հազար դրամ։ Պաշտոնապես նպատակը տեղեկատվական անվտանգության ոլորտում միասնական մոտեցումների ձեւավորումն է, սակայն չնայած ահռելի միջոցներին՝ Հայաստանում ակնառու են տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիրներ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իջեւանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Օհանյանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Արցախում հերոսաբար զոհվել է. ադրբեջանական գերակշիռ ուժերի հարձակման ժամանակ նա զինվորներին հրամայել է նահանջել, մարտն իր վրա վերցրել, վիրավոր եւ շրջապատված վիճակում, որպեսզի գերի չընկնի, նռնակով պայթեցրել է իրեն։ Նա հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի եւ բազմաթիվ այլ պարգեւների։ Իջեւանցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային հերոսի կոչում շնորհելու խնդրանքով, սակայն Փաշինյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Իջեւանի գնդի հրամանատար Թաթուլ Ղազարյանն արդեն հետմահու արժանացել է հերոսի կոչման, եւ Իջեւանից երկրորդ անձի չի կարող հերոսի կոչում տալ։ Մարտի 27-ին Իջեւան համայնքի ավագանին միաձայն որոշել է Գ. Ղարագյոզյան փողոցի 1-ին նրբանցքը անվանափոխել՝ դարձնելով Արմեն Օհանյան փողոց»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են, որ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչն ի վերջո աշխատում է գործող իշխանության օգտին։ Առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը. հենց դա կարող է խոչընդոտել իշխանության վերարտադրմանը։ Փորձագետները հիշեցնում են նախորդ ընտրությունների փորձը, երբ բազմաթիվ ուժեր ստացան նվազագույն տոկոսներ, որոնք չվերածվեցին քաղաքական ազդեցության։ Առնվազն մի քանի հարցում անհրաժեշտ է գալ կոնսենսուսի, առաջին հերթին՝ բացառել միմյանց դեմ կռիվ տալու երեւույթը, հակառակ դեպքում ցանկացած քայլ դարձյալ ուղղված կլինի ներկա իշխանությունների վերարտադրմանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով՝ իբր նվիրված Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին։ Սակայն, ըստ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որեւէ կապ չուներ արցախցիների հետ. այնտեղ հիմնականում ներկա էին վերաբնակիչներ, ովքեր ժամանակին Հայաստանից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան։ Նրա խոսքով, արցախցիների 99 տոկոսը մեջքով է շրջված այս իշխանություններին, իսկ մեկ տոկոսի գերակշիռ մասը պարզապես չի մասնակցի ընտրություններին։ Հակոբյանը նշել է նաեւ, որ ԱԱԾ աշխատակիցները խոչընդոտում են արցախցիների հետ իրենց հանդիպումները. մարդիկ վախենում են ռեպրեսիաներից, տարածք չեն տրամադրում, թեեւ առանձին զրույցներում աջակցում են»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, անցել է անհատական «զրույցների»։ Խոսքը քաղաքացիների հետ հանդիպումների մասին չէ, այլ ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ զրույցների։ Տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են այն անկուսակցական երիտասարդների հետ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն եւ տեղերում մեծ հարգանք ու հեղինակություն են վայելում, որպեսզի նրանք նախընտրական շրջանում չաշխատեն «Ուժեղ Հայաստան» կամ «Հայաստան» դաշինքների օգտին։ Սակայն այդ զրույցները ցանկալի ընթացք չեն ստանում. շատերը քաղաքավարի կերպով «հեռու են ուղարկում» քպականներին, իսկ վերջիններս իրենք են ակնարկում, որ հանդիպել են «պտիչկա» դնելու համար եւ ստիպված են անում՝ հիշատակում անելով, որ վատ չի լինի դրա մասին հիշել հունիսի 7-ից հետո, երբ իշխանափոխություն իրականացվի»։