Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:43 09-12-2022

«Սպայկա»-ում սկսել են նվաստացնել աշխատակիցներին

Oragir.News-ն ահազանգեր է ստանում «Սպայկա» ընկերության աշխատակիցներից՝ աշխատավայրում իրենց նկատմամբ անհարգալից, անօրինական վերաբերունքի վերաբերյալ։

Մեզ ահազանգած քաղաքացին նշում էր, որ Նորագավիթ-Խարբերդ տանող ճանապարհին գտնվող «Սպայկա» ընկերության հսկիչները, եթե մինչ այս պահը բավարարվում էին աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, ապա այժմ ընկերության հսկիչներն իրենց իրավունք են վերապահում աշխատանքի ժամանակ մտնել հանդերձարաններ և ստուգել աշխատակիցների անձնական իրերը, պայուսակները։

«Վերցնում են այն ամենն, ինչ իրենք են ուզում, թույլ չեն տալիս տանել աշխատակիցներին իրենց հետ ընդմիջման համար բերված սնունդը, որը ոչ թե իրենք են տվել, այլ աշխատակիցներն են իրենց հետ տներից բերել։ Այս ամենն արվում է «կարգ ու կանոն» հաստատելու անվան տակ»։

Աշխատակիցը նաև պատմեց, որ հսկիչներից մեկը ում անունը Մանյա է, անձամբ է մտնում հանդերձարան, նկարում անձնական իրերը։

«Այդ կինը հավաքում է աշխատակիցների անձնական իրերը և չի վերադարձնում։ Այսպես կոչված՝ «կարգ ու կանոնի» հետևանքով, մարդիկ կան՝ հեռանում են աշխատանքից։ Նրանք՝ ովքեր այլ աշխատանքի հնարավորություն չունեն՝ ստիպված շարունակում են աշխատել։ Չգիտենք՝ ուր և ում դիմել, մարդկանց անձնական տարածք մտնելն ու անձնական իրերի մեջ ներխուժելը ոչ օրենքով է, ոչ էլ էթիկապես է թույլատրելի»։

Oragir.News-ի հետ զրույցում ընկերության իրավաբանական բաժնի պետ Մհեր Ղազարյանն ասաց, որ չի կարող լինել իրավիճակ, երբ աշխատակիցների բացակայությամբ ստուգվեն մարդկանց անձնական իրերը։

«Առանց աշխատակցի ներկայության աշխատակիցների պայուսակները չեն ստուգում։ Այո, ընկերությունում կիրառվում են որոշակի անվտանգության միջոցառումներ՝ անվտանգային, ինչպես նաև հակահամաճարակային նկատառումներից ելնելով։ Կան հատուկ կին հսկիչներ, ովքեր ընկերության տարածքից դուրս գալուց ստուգում են կին աշխատակիցներին։ Այդ ստուգումները ներդրվել են որոշակի կանխարգելիչ նպատակով՝ հաշվի առնելով առկա փորձը, աշխատակցի համաձայնությամբ բացվում է ձեռքի պայուսակը և արտաքին դիտում է իրականացվում։ Հսկիչները փորձում են հասկանալ՝ կա՞ որևէ իր, որը ընկերությանն է պատկանում և, որը փորձ է արվում տարածքից հանել, ինչպես նաև՝ ստուգվում են, թե կան արդյոք արգելված իրեր, որ մտնում են տարածք։

Ստուգումներն իրականացվում են բացառապես այդ շրջանակներում։ Հաշվի առնելով, որ ընկերությունը 2000 ավելի աշխատակից ունի, իսկ արտադրական օբյեկտներում կան շատ թանակարժեք իրեր։ Կրկնեմ՝ առանց աշխատակիցների ներկայության անձնական իրերի բացելու և ստուգելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։

Անդրադառնալով հանդերձարանում ստուգումներին՝ նա նշեց, որ խոսքը ոչ թե հանդերձարանի, այլև օրինակ, որևէ արտադրական կամ մասնաշենքի տարածքից դուրս գալու մասին է։ «Ստուգումները հիմնականում կատարվում են այն ժամանակ, երբ աշխատակիցն աշխատանքը ավարտում և դուրս է գալիս ընկերության տարածքից։ Ավելին, այդ ստուգումները չեն իրականացվում անօրինական կերպով։ Երբ աշխատակիցները ընդունվում են աշխատանքի՝ ընկերությունը ներկայացնում է գրավոր տեսքով ընկերության կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերը, անվտանգության միջոցառումները։ Այսինքն, աշխատակիցները և գրավոր կերպով են իրենք տալիս համաձայնություն, որ ծանոթ են ներքին անվտանգային միջոցառումների հետ, և բանավոր են ծանուցվում այդ միջոցառումների մասին»։

Նա նաև բացառեց աշխատակիցների անձնական իրերը վերցնելու մասին տեղեկությունը․ «Նման բան գոյություն չունի»: