Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:00 03-04-2026

Ինչու Պուտինի ակնարկը Սամվել Կարապետյանի մասին չէր

Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպումն ուշագրավ էր նաև ՀՀ-ում ազատազրկված ՌԴ քաղաքացիների իրավունքների, ընտրական աշխատանքներին մասնակցելու ազատությունների մասին ակնարկով։

«Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ են,- նշել է Պուտինը ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ու հավելել,- մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական աշխատանքներին մասնակցեին»։

Շատերը միանգամից մտածել են, թե խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ «Անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»,- արձագանքել է Փաշինյանը, հավանաբար՝ ակնարկելով, թե Սամվել Կարապետյանը ազատազրկված չէ, տնային կալանքի տակ է։

Բայց արդյո՞ք Պուտինի ակնարկն առնչվում է Սամվել Կարապետյանին, թե՞ այլ մարդու կամ մարդկանց մասին է խոսքը։

Եթե ընդունենք, որ Պուտինի ակնարկը Սամվել Կարապետյանի մասին է, նշանակում է՝ նա Կրեմլի հովանավորյալն է։ Այս ենթադրությունը խնդիր է ստեղծելու։ Օրինակ՝ եթե Սամվել Կարապետյանը հաղթի հունիսի 7-ին, ապա ԵՄ երկրները չեն ճանաչի նրա հաղթանակը, քանի որ նա Պուտինի հովանավորյալն է։

Տևական ժամանակ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները ջանք են գործադրում ապացուցելու, որ իրենք Մոսկվայից չեն ուղղորդվում և այլն։ Նրանք տարբեր ազգերի փորձագետներ են ներգրավում թիմում ու տպավորություն ստեղծում, թե ռուսական չեն։ Իսկ եթե աշխարհում մարդիկ հիմնավոր կարծիք կազմեն, որ Պուտինի ակնարկը Սամվել Կարապետյանի մասին էր, ապա նրա հաղթանակն ու լեգիտիմությունը ոչ ոք չի ճանաչի, և «Ուժեղ Հայաստանի» կատարած ամբողջ չարչարանքը ջուրը կընկնի։

Իրոք, եթե ուշադիր լսենք, ապա Պուտինը խոսում է քաղաքականությամբ զբաղվող մարդկանց մասին, որոնք ազատազրկված են։ Իսկ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ազատազրկման վայրում չէ։ Նախքան կալանքն էլ գործարար էր ու բարերար, քաղաքականությամբ չէր զբաղվում։ Ուստի՝ Պուտինի ակնարկը նրան չի առնչվում։ Սրանից զատ՝ ՌԴ նախագահի ակնարկը ՌԴ քաղաքացիներին ներքաղաքական, ընտրական աշխատանքներին մասնակցելու ազատություն ընձեռելու մասին է։ Իսկ Սամվել Կարապետյանն առաջնորդ է։ Բուն աշխատանքները կազմակերպում ու կատարում են նրա թիմակիցները, հանդես գալով իր անունից։ Այս առումով ևս Պուտինի ակնարկը նրան չի առնչվում։ Իսկ ո՞ւմ է առնչվում։

Ապրիլի 2-ին դատարանը փոխել է «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարող Վազգեն Սաղաթելյանի կալանք խափանման միջոցը: Նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանք՝ հանրային խոսքի ազատության սահմանափակմամբ:

Ի՞նչ կապ կա դատարանի այս որոշման և Պուտինի հիշյալ ակնարկի միջև։

Բանն այն է, որ այստեղ երկու համընկնում կա։ Առաջինը՝ Վազգեն Սաղաթելյանը քաղաքական ակտիվ քննադատությամբ էր զբաղվում մինչև կալանքը։ Կասկածից վեր է, որ նրա քննադատությունները կազդեին ընտրողների տրամադրությունների վրա։ Այս առումով՝ նա կոնկրետ ու արդյունավետ աշխատանք կարող էր կատարել և ազդել հունիսի 7-ի արդյունքի վրա։ Ու, հավանաբար, սա նկատի ունենալով են սահմանափակել նրա՝ հանրային խոսքով հանդես գալու ազատությունը։

Երկրորդը՝ փաստաբան Արսեն Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Ես չգիտեմ, թե Պուտինի խոսքը կոնկրետ ում էր ուղղված, սակայն, Վազգեն Սաղաթելյանն, այո, ՌԴ քաղաքացի է, ի դեպ, եթե հարցին նայենք այս տրամաբանության մեջ, ապա Վազգեն Սաղաթելյանը Հայաստանում միակ ՌԴ քաղաքացին է, ով մինչ այս պահը բանտային կալանքում էր գտնվում»:

Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ Պուտինի ակնարկը Սամվել Կարապետյանի մասին չէր, այլ քաղբանտարկյալ, ՌԴ քաղաքացի, ակտիվ քննադատությամբ զբաղվող Վազգեն Սաղաթելյանի, որին հիշյալ ակնարկից մեկ օր անց ազատեցին կալանքից, տնային տվեցին։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը հաղթի հունիսի 7-ին, ապա նրա հաղթանակն ու լեգիտիմությունը կասկածի տակ դնելու հիմքեր չկան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան