Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 2-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը և անցան հարձակման, ինչը 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտում էր։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Պատերազմն ավարտվեց ապրիլի 5-ին, երբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին բիշկեքյան զինադադարի դրույթները։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս կապակցությամբ ֆեյսբուքում գրել է՝ Ադրբեջանը նպատակ ուներ ուժի միջոցով Արցախի հարցը լուծել կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանն ու Արցախը կկապիտուլացվեին, սակայն դա տապալվեց։ «ՊԲ-ն ու նրան միացած կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի գրոհային խմբերի և թիկունքից աջակցության շտապող ռեզերվային ուժերի համար, ինչի պայմաններում կարճ ժամանակ անց Ադրբեջանը հրադադար խնդրեց»,- գրել է պատգամավորը՝ նշելով, որ քառօրյա մարտական գործողությունների հետևանքով, հայրենիքը պաշտպանելիս 75 հայորդի նահատակվեց, իսկ ադրբեջանական զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 7-8 հարյուրի։ Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր գործիչներն ու Արցախի ղեկավարության ներակայացուցիչներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանքներ» որակեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են: Ըստ Շահրամանյանի նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել: «Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը: Նա նաև ասել էր՝ անհրաժեշտ լինի, այդ մասին տվյալները կգաղտնազերծի: Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում. «Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»: Նա հավելեց, որ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են Հայաստանի ղեկավարության հետ: 2023-ին՝ Արցախի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ընթացքում Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, ու Հայաստանը ներքաշված չէ ռազմական գործողությունների մեջ: Այսօր էլ շարունակեց պնդել՝ ինքը «փախչելու» մասին հորդորներ չի արել: Շահրամանյանն այսօր մեկնաբանեց նաև պատերազմի հնարավորության, պատմական արդարության էջը փակելու մասին ՀՀ ղեկավարի հայտարարությունները՝ ասելով, որ Հայաստանի անվտանգությունն առաջնահերթություն է, արցախցիներն այսօր փորձում են ամեն ինչ անել՝ առիթ չդառնալու ռազմական գործողությունների, սակայն իրավունք ունեն բարձրաձայնել իրենց վերադարձի միջազգային իրավունքը:
Հայաստանում օլիգարխներ չկան։ Այս իր այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Oragir.News-ի այն հարցին, որ եթե ԲՀԿ առաջնորդը, ում նա օլիգարխ է անվանում, կրկին իրեն աջակցի, նա կրկին օլիգարխից խոշոր սեփականատեր կդառնա՞, ինչպես 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ծառուկյանը օլիգարխ է Բելառուսում։ «Մյուսը օլիգարխ է Ռուսաստանում»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին։ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ իր մոսկովյան այցը հաջողված է գնահատում։ «Գնահատում եմ հաջող։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտած»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: