«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավ օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել են երկու պայմանագրեր, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։
Մասնավորապես՝
• նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259,999 դրամ,
• նույն փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայության համար՝ 600,000 դրամ։
Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. Խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։
Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։
«Հրապարակ» թերթը գրում է. Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։
Դրանից գազազած՝ սկսել են հոգեւորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։ Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր։
«Հրապարակ» թերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմն «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի, «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը պետք է իրականացնի Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների՝ «Զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար» արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։ Ծառայության մատուցման դիմաց կառավարությունը վճարելու է 400 հազար դրամ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։
Հիշեցնենք որ Արման Սարոյանը հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք գրել էինք, որ մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Յուրա Բազինյանին` իր դիմումի համաձայն։ Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։
Մեզ թվում էր` նա որոշել է կենտրոնանալ ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա, քանի որ կարեւոր ընտրական փուլ ենք մտել, սակայն պարզվում է «տաշած քարը գետնին չի մնում»` Յուրա Բազինյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Աղստև» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։
Սամվել Կարապետյանից խլելուց հետո ՀԷՑ-ր դարձել է ՔՊ-ական։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արեւմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։
Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։