Քննարկումների կիզակետում հայտնված Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ծանր անցյալ է ունեցել։
Oragir.News-ն իր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, որ վերջինիս կենսագրությունում առկա են մի շարք ուշագրավ հանգամանքներ։
Պարզվում է՝ դաստիարակներին
նվաստացնող տնօրենը երկար տարիներ աշխատել է որպես դաստիարակ և լինելով նախկին դաստիարակ, այժմ իր ենթակաների նկատմամբ ցուցաբերում է առերևույթ անհարգալից վերաբերմունք։ Չի բացառվում, որ Փառանձեմ Միրիբյանը՝ ճնշելով դաստիարակներին՝ «ճակատագրի վրեժն» է լուծում, կամ նրանցից է փորձում «մուռը հանել»։
Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերից պարզվում է նաև, որ սույն տնօրենի անցյալում առկա են նաև ֆինանսական խնդիրներ, որոնք հասել են դատական գործընթացների։ Մասնավորապես՝ հայցվոր հանդիսացող ՎՏԲ-Հայաստան Բանկը դատարան է դիմել վարկային պարտավորությունների չկատարման պատճառով։ Այսպես․ 2014 թվականին բանկի և Փառանձեմ Միրիբյանի միջև կնքվել է վարկային պայմանագիր՝ 136,000 դրամի չափով, նույն ժամանակհատվածում ձևակերպել է մեկ այլ վարկ՝ 327 ԱՄՆ դոլարի չափով։


Բանկին պարտավորությունները ժամանակին չեն կատարվել, ինչի հետևանքով դատարանի կողմից կիրառվել են տույժեր։ Դատարանի որոշմամբ՝ Միրիբյանից բռնագանձվել է մոտ 15,936 դրամ։


Բացի այդ, դատարանը արգելանք է դրել վերջինիս գույքի և դրամական միջոցների վրա՝ նույնիսկ համեմատաբար փոքր՝ շուրջ 154 ԱՄՆ դոլարի պահանջի շրջանակում։ Թեև գումարները համեմատաբար փոքր են, սակայն դրանք չեն մարվել, ինչը խոսում է ֆինանսական անկարգապահության և անպատասխանատու վարքագծի մասին։
Ըստ փաստաթղթի տվյալների, դատարանը բավարարել է բանկի պահանջները՝ պարտավորեցնելով Փառանձեմ Միրիբյանին՝ վերադարձնել ոչ միայն հիմնական գումարը, այլ նաև կուտակված տոկոսներն ու տույժերը։ Ավելին՝ կիրառվել են նաև ապահովման միջոցներ՝ արգելանք դնելով գույքի և դրամական միջոցների վրա։

Արդյունքում՝ մարդը, ով երկար տարիներ աշխատել է որպես դաստիարակ և հետագայում դարձել ղեկավար, այսօր ղեկավարում է մանկապարտեզ։ Ստեղծված իրավիճակում առավել սուր է դառնում մեկ հիմնական հարց՝ ինչ չափանիշներով են կատարվում նման նշանակումները կրթական համակարգում, երբ հիմնարկը ղեկավարող անձը չի կարողանում կառուցել առողջ աշխատանքային հարաբերություններ աշխատակիցների հետ, երբ կոլեկտիվում ձևավորվում է լարված և անվստահության մթնոլորտ, երբ դաստիարակների նկատմամբ արձանագրվում է անհարգալից վերաբերմունք, իսկ աշխատանքից հեռացումները դառնում են պարբերական։
Այս իրավիճակում ավելորդ է խոսել երեխաների վրա դրա բացասական ազդեցության մասին․ ակնհայտ է, որ մշտական լարվածությունը, դաստիարակների հաճախակի փոփոխությունը և անկայուն միջավայրը չեն կարող չանդրադառնալ սաների հոգեբանական վիճակի, վարքի և զարգացման վրա։
Oragir.News-ն իր նախորդ
հրապարակումներում անդրադարձել է թիվ 94 մանկապարտեզում տիրող իրավիճակին և ներկայացրել տնօրենի տարօրինակ վարքագիծը։ Նախօրեին նա նույնիսկ
հայտարարել էր՝ «Իմ աթոռն ավելի թանկ է, քան դուք»։
Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանում գտնվող թիվ 94 մանկապարտեզում քանի օր է՝ լարված
իրավիճակ է:
Սաների ծնողները պնդում են, որ տնօրենը շատ վատ է վերաբերվում դաստիարակներին, ճնշում ու նվաստացնում է նրանց, ու նրանք հերթով աշխատանքից դուրս են գալիս, այդպիսով՝ սթրեսի ենթարկում նաև փոքրիկ սաներին: