Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել էր հայկական երաժշտարվեստի կենտրոնի։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի նախաձեռնությամբ կայացավ «Խազեր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է արժևորել և խրախուսել տարվա ընթացքում աչքի ընկած ստեղծագործողներին։
Միջոցառման ընթացքում հայտարարվեցին հաղթողները ավելի քան 15 անվանակարգերում՝ սկսած դասական երաժշտությունից մինչև ժամանակակից հիփ-հոփ։ Երեկոյի ամենասպասված պահերից մեկը «Տարվա հայտնություն» անվանակարգի հայտարարումն էր։
Հաղթող ճանաչվեց Սիմոնը, ով ոչ միայն ստացավ պատվավոր մրցանակը, այլև պաշտոնապես հայտնի դարձավ, որ հենց նա է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում։
Փոփ ժանրի առաջատարներն այս տարի անփոփոխ էին. Արամ Mp3-ն ճանաչվեց «Տարվա լավագույն երգիչ», իսկ Իվետա Մուկուչյանը հաղթեց «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում։
«Խազեր 2026» մրցանակակիրների ցանկը Այս տարվա հաղթողների թվում են՝ Տարվա լավագույն երգ՝ «Ճանապարհեցիր ինձ տուն» (Սոնա Ռուբենյան), լավագույն ալբոմ՝ «Love Reversed» (Բրյունետ), լավագույն տեսահոլովակ՝ «Վարդավառը գալիս է» (Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան)։ Լավագույն հեղինակ-կատարող ճանաչվեց Սոնա Ումրոյանը, իսկ լավագույն կոմպոզիտոր՝ Մարտին Ուլիխանյանը։
Լավագույն գործիքավորման համար (ոչ դասական) մրցանակի արժանացավ Կարեն-Սևակ պրոդաքշնը՝ Սիրուշոյի «Սիրտ» երգի համար։ Ժանրային անվանակարգերում հաղթեցին. Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ՝ Միշո Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում՝ Տաթև Ասատրյան Լավագույն ազգային/ժողովրդական խումբ՝ Կարեն-Սևակ բենդ Լավագույն ջազ արտիստ՝ Խաչիկ Սահակյան:
Դասական երաժշտության ոլորտում լավագույն երգիչ ճանաչվեց Արսեն Սողոմոնյանը, իսկ լավագույն երգչուհի՝ Ջուլիանա Գրիգորյանը։ Հատուկ մրցանակներ և նախագծեր Մրցանակաբաշխությունը չանտեսեց նաև լայնածավալ երաժշտական նախագծերը։
«Սիմֆոնիկ Հայկո` Բաց երկնքի տակ» ծրագիրը ճանաչվեց լավագույն դասական նախագիծ, իսկ «Էպոս Սասունցի Դավիթ»-ը հաղթեց որպես լավագույն երաժշտական բեմադրություն։
Երեկոյի ամենահուզիչ պահը լեգենդար մաեստրո Հովհաննես Չեքիջյանին տրված «Խազեր»-ի հատուկ մրցանակն էր՝ հայ երաժշտական արվեստում ունեցած անգնահատելի ավանդի և բազմամյա գործունեության համար։