Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ ընդունել է բազմաթիվ քաղաքացիների՝ լսել բոլորի հարցերն ու առաջարկները։ Նաև հայտնել է, որ նման հանդիպումներ էլի են լինելու։ Ուշագրավ է սակայն, որ Ավինյանը որոշել էր քաղաքացիներին ընդունել ոչ պաշտոնական հագուստով, այս դեպքում՝ տաբատի վրայից գցված վերնաշապիկով։
Այն, որ վերջին շրջանում իշխանական թիմի հանրային վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում հաղորդակցությունը փիարի վերածելը, փաստ է, որը թերևս ամբողջությամբ «տարել է» ՔՊ-ին։
Իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումները քաղաքացիների հետ հաճախ կազմակերպվում են ոչ թե պետական լրջության, այլ առավելագույնս հասարակ ու սովորական երևալու շեշտադրմամբ։ Դա արտահայտվում է անգամ արտաքին տեսքով․ քաղաքացիներին ընդունել ոչ պաշտոնական հագուստով, ինչպես այս դեպքում արել է Ավինյանը, հերթական փորձն է ստեղծելու տպավորություն, թե իրենք էլ մեր նման մարդ են։
Սակայն նման մոտեցումը հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։ Երբ պետական պաշտոնը միտումնավոր «թեթևացվում» է, առաջանում է հարց՝ արդյոք սա անկեղծ մոտեցո՞ւմ է, թե պարզապես հաշվարկված կերպարային խաղ։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ հաջորդ փուլում հանրային հանդիպումները կուղեկցվեն առավել «կենցաղային» տեսարաններով՝ օրինակ քաղաքացիների դիմաց կարկանդակ կամ սուջուխ ուտելով՝ ավելի «մարդկային» երևալու համար։