Ներքին 2 ամիս առաջ - 20:20 25-03-2026

Տարբերություն չկա՝ Եզրա՞սն է, թե՞ Արարատը․ գործակալ լինելն անպատվաբեր գործ է

«Ընդհանրապես գործակալ լինելը անպատվաբեր գործ է, խոսքը հետախույզ լինելու մասին չէ․ երկրի շահերը պաշտպանող հետախույզի գործը մի գործ է, իսկ հատուկ ծառայությունների գործակալը, որը զբաղված է առօրյա մատնագրեր գրելով շրջապատում եղած մարդկանց վրա, իր ընկերների վրա, հարևանների վրա՝ այլ գործ է»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ընդհանրություն կա 2007-ին ԱԱԾ-ի կողմից հավաքագրված Արարատ Միրզոյանի ու ՊԱԿ-ի գործակալ լինելու մեջ կասկածվող Եզրաս Սրբազանի միջև, ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մատնագրեր գրող գործակալներն են, որպես կանոն, որակավորվում որպես բացասական:

«Տարբերություն չկա՝ եթե Եզրասը կամ Արարատը, կամ որևէ այլ մեկը զբաղվել է, զբաղվում է, կամ կզբաղվի մատնագրեր գրելով, դա դատապարտելի արարք է,- կարծիք հայտնեց Հարությունյանը՝ շարունակելով:- Բնականաբար, տարբերություն չկա՝ դա խորհրդային ԿԳԲ-ի հորդորո՞վ է արվում՝ Խորհրդային հատուկ ծառայություններին ծառայելու համատեքստում, թե՞ ասենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության։ Եթե խոսքը վերաբերում է մատնագրեր գրելուն, ապա դրանք նույն համատեքստում են»։

Հիշեցնենք՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մարտի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանել էր, որ համագործակցել է ԱԱԾ-ի հետ՝ ընդգծելով, որ դա արել է ՀՀ շահերի համար։

«Շատ որոշակի տարեթվի, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն, սա շատ առանցքային է, ինձ՝ որպես կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար՝ փորձագիտական աջակցության համար։ Ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ընդդիմադիր գործողություններին ակտիվ մասնակցող, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, այլ ՀՀ-ի։ ԱԱԾ-ն ՀՀ պետական ինստիտուտ է, հարցնել, որտեղ իմ աջակցությունն են խնդրում և որը բավականին ծանրակշիռ հարց է, իմ համաձայնությունն եմ հայտնել իրենց այդ հարցով օգնել։ Կարճ ժամանակ անց այդ համագործակցությունն ավարտվել է»,- նշել է Միրզոյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին մարտի 24-ին անընդունելի է համարել համեմատական անցկացնել Արարատ Միրզոյանի ԱԱԾ-ի հետ գործակցելու ու Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՊԱԿ-ի հետ ենթադրյալ գործակցության միջև։ «Համեմատականներ անցկացնելն անընդունելի է։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն հիմա ձեզ բոլորիդ հրավիրի և ասի՝ ներողություն եմ խնդրում, եթե զինվոր եք տեսնում, որ մեր սահմանն է անցնում, կասե՞ք։ Իսկ այլ բան է, երբ դու գնում ես Սովետական Միության՝ այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երդում ես տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սիմոնյանը։ Սիմոնյանը հավելել է, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, նույնպես հարկ եղած դեպքում անձամբ զանգում է ԱԱԾ տնօրենին և տեղեկություններ հայտնում։

Հիշեցնենք, որ իշխանությունները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ գործակցելու մեջ։ Վերջինս չի ընդունել այս մեղադրանքը։ Սակայն այս տարվա մարտի 23–ին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը՝ որպես փորձագետ, աջակցել է ԱԱԾ-ին։