Շիրակի մարզի Մեղրաշատի միջնակարգ դպրոցը ևս ընդգրկված է փակվողների ցուցակում։ Կառավարության որոշման հետ սահմանամերձ այս գյուղում համաձայն չեն, մարդիկ մտավախություններ ունեն, որ միտումնավոր դատարկում են գյուղը։ Լիլիթ Մխիթարյանը Մեղրաշատի միջնակարգ դպրոցում է աշխատում։
Պատմության ուսուցիչը
Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ այս ծրագիրը գյուղի դատարկում է, ուրիշ բացատրություն չկա։
«Ինչքան էլ նրանք խոսեն «որակյալ կրթության» մասին, իրականությունը բոլորովին այլ է։ Բյուրակն տանող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ մենք անգամ մի օր մեծ դժվարությամբ ենք անցել։ Տասը րոպե էլ չանցած՝ ավտոբուսը ցեխի մեջ խրվեց։ Եթե ինչ-որ բան պատահեր, ո՞վ էր պատասխան տալու։ Սա՞ է իրենց պատկերացրած որակյալ կրթությունը։ Իհարկե՝ ոչ։ Նրանց նպատակը գյուղը դատարկելն է, ոչ թե կրթության որակը բարձրացնելը»,-նշում է ուսուցիչը։
Մխիթարյանի խոսքով՝ այս քաղաքականության հետևանքով գյուղերը դատարկվելու են, և արտագաղթն անխուսափելի է։
«Բազմիցս զրուցել եմ ծնողների հետ։ Մարդիկ բացեիբաց ասում են՝ եթե դպրոցը չլինի, իրենք այստեղ չեն մնա։ Դպրոցը գյուղի կապող օղակն է, պորտալարը։ Եթե այդ պորտալարը կտրվի, այստեղ կյանք չի մնա։ Մեղրաշատը թիկունք պահող գյուղ է, և պատահական չէ, որ դեռ խորհրդային տարիներին այստեղ միջնակարգ դպրոց է կառուցվել։ Բոլոր գիտակից մարդիկ տեսնում են խնդրի լրջությունը՝ սա աղետ է։ Նիկոլ Փաշինյան-ը չպետք է համեմատի գյուղացուն և մայրաքաղաքի բնակչին։ Գյուղում այլընտրանք չկա, մինչդեռ մայրաքաղաքում ծնողն ու երեխան ընտրության հնարավորություն ունեն։ Նրանք չեն պատկերացնում, որ տվյալ դպրոցը այդ գյուղի միակ կրթօջախն է»,- ասում է նա։
Ուսուցիչը շեշտում է՝ պետության հիմքը գյուղն է, իսկ գյուղի հիմքը՝ դպրոցը։
«Երբ դպրոցը փակվում է, գյուղը դատարկվում է, իսկ եթե գյուղը դատարկվում է՝ պետություն չի կարող լինել։ Պետք է հասկանալ դա օրգանիզմի օրինակով։ Մեղրաշատից մինչև Բյուրակն երեխաները ստիպված են անցնել 3-5 կմ ճանապարհ։ Գյուղից գյուղ դպրոց գնալը լուրջ խնդիր է, կան նաև անհանդուրժողականության դրսևորումներ։ Ունենք ծնողներ, որոնք իրենց երեխաներին այլ գյուղ չեն ուղարկի, և այսպիսով խախտվում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը»,- եզրափակում է Լիլիթ Մխիթարյանը։
Դպրոցների փակման գործընթացը Մեղրաշատում և նմանատիպ գյուղերում միայն կրթական փոփոխություն չէ․ այն բնակավայրերի ապագայի հարց է։ Երբ փակվում է դպրոցը, վտանգի տակ է դրվում ոչ միայն երեխաների կրթությունը, այլև ամբողջ համայնքի գոյությունը՝ վերածելով այս գործընթացը սոցիալական և ժողովրդագրական լուրջ խնդրի։