ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Արցախ» բառի օգտագործման վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը տարբեր արձագանքներ է առաջացրել քաղաքացիների շրջանում։
Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ հասկանալու, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այդ դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը, դիմելով հարց տվող լրագրողին, նշել էր. «Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը այլ անվանում է տալիս»։
Քաղաքացիների մի մասը կտրուկ քննադատում է այս մոտեցումը։
Քաղաքացիներից մեկը նշեց․ «Ի՞նչ պիտի ասեմ, ուրեմն, էդ մարդը արժանի չեն նստելու, եթե էդքան բան ասել է»։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց․ «Շատ վատ ենք վերաբերվում, որովհետև չի կարելի, դեռ որոշակի տոկոսներ մնում է, որ Արցախի հարցը լրիվ լուծված չի, էդ իրանք իրենց լուծումով չի վերջանում ամեն ինչ»։
Միևնույն ժամանակ, հարցվածների շրջանում կային նաև չեզոք կամ քաղաքականությունից հեռու դիրքորոշումներ․ «Քաղաքականությունով չեմ զբաղվում, չգիտեմ»։
Որոշ քաղաքացիներ, հակառակը, դրական վերաբերմունք են արտահայտել իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ առանց խորանալու թեմայի մեջ․ «Մենք հարգում ենք, սիրում ենք Ալեն Սիմոնյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ, մենք ուրիշ բան էլ չեմ կարող ասել, մենք իրանց շատ հավանում ենք»։
Քննադատական տեսակետներ հնչել են նաև ընդհանուր իշխանությունների հասցեին․ «Հիմիկվա կառավարությանը ես չեմ հավանում։ Շատ կուզեի փոխվեր, մի խելացի մարդ լիներ մեզ ղեկավարող»։
Հարցման ընթացքում որոշ քաղաքացիներ նաև տարակուսանք են հայտնել թեմայի շուրջ առաջացած լարվածությունից․ «Չի կարելի տենց խոսել… Ես չեմ կարծում, որ նեղվի»։
Այսպիսով, «Արցախ» և «Ղարաբաղ» անվանումների շուրջ քննարկումները շարունակում են հասարակության մեջ առաջացնել տարաբնույթ, երբեմն նաև հակասական արձագանքներ՝ ցույց տալով թեմայի զգայունությունն ու քաղաքական ենթատեքստը։
Մանրամասները՝ տեսանյութում: