Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դրանցում առկա են թվային և բովանդակային անհամապատասխանություններ, որոնք դժվար է մեկնաբանել պարզ վրիպակներով։
Ուշագրավ է, որ ըստ հայտարարագրերի՝ Պալյանը 2022 թվականի հուլիսի 13-ին Երևանում բնակարան է ձեռք բերել ընդամենը 25,2 դրամով, ինչն ակնհայտորեն անհնար է։

Նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրով՝ իշխանական պատգամավորների հաշիվներում միլիոնների շարժ է երևում․ առանձին խոշոր մուտքեր՝ 20 մլն 643․674 դրամ, 5 մլն 430 հազար դրամ, 420 հազար դրամ, 480 դրամ, որոնց հանրագումարը կազմել է 26 մլն 494․160 դրամ։
Հաջորդիվ տեղեկանում ենք, որ պատգամավորն ունեցել է 25 մլն դրամ վարկային պարտավորություն (4 մլն սպառողական, 21 մլն հիփոթեքային), ինչը ևս առաջացնում է հարցեր ֆինանսական տվյալների թափանցիկության վերաբերյալ։ Այս դեպքում պարզ չէ, թե վերջինս որտեղից է ձեռք բերել մնացած 1․5 մլն դրամը։

Արդեն Պալյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի բաժիններից մեկում հայտարարագրել է 1․500․000 դրամի չափով ստացված եկամուտ, սակայն եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն դաշտում «գծիկ» է դրված, փոխարենը «Նկարագրություն» դաշտում լրացված է «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար» տեղեկատվությունը։
Պալյանը նշել է, որ գումարը ստացել է բարեկամից։ Նույն հայտարարագրի «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է ընդհանուր 25 միլիոն դրամ, որից 4 միլիոն դրամը որպես սպառողական վարկ և 21 միլիոն դրամը հիփոթեքային վարկ։ Վերոնշյալ տվյալները համադրելով Էմմա Պալյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրի նույն բաժնում հայտարարագրված տվյալների հետ՝ արձանագրվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի հայտարարագրում՝ 20․643․674 դրամ։
Հատկանշական է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Էմմա Պալյանի հայտարարագրերում առկա հակասությունները՝ հաստատելով, որ 1․5 մլն դրամի ծագման աղբյուրը ՔՊ-ական պատգամավորը չի նշել։ Հաջորդիվ վերջինս տեղեկացրել է, թե այդ գումարը ստացել է Ռուսաստանում ապրող բարեկամից։ Բացի այդ, Էմմա Պալյանն իր հայտարարագրում նշել է, որ ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, չի աշխատում։ Սակայն պաշտոնական տվյալներով վերջինս 2023թ․-ից աշխատում է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում և ստանում է աշխատավարձ, ինչը նաև արտացոլված է նրա սեփական հայտարարագրում։
Հանձնաժողովն այս անհամապատասխանությունների հիմքով ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ անհամեմատ բարի է գտնվել՝ կիրառելով վարչական տույժ՝ նախազգուշացում։ Կարծում ենք՝ եթե նրա փոխարեն ընդդիմադիր պատգամավոր լիներ, ապա հանձնաժողովի գործողություններն այլ բնույթի կլինեին, և ԿԿՀ-ն չէր սահմանափակվի միայն նախազգուշացումով։
Oragir.News-ը փորձեց վերոնշյալ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալ հենց պատգամավոր Էմմա Պալյանից, սակայն վերջինս անջատեց հեռախոսը՝ ասելով, որ տեղը հարմար չէ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից առաջարկեցին գրավոր հարցումն ուղարկել՝ նշելով. «Քանի որ հարցը վերաբերում է կոնկրետ անձի, խնդրում ենք գրություն ուղարկել մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեին, որից հետո հայտարարագրերի վարչությունը պատասխան կտրամադրի»։
Oragir.News-ը հարցումն ուղարկել է ԿԿՀ, պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակի։