Oragir.News-ը ներկայացնում է մարտի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման ներքո ստիպված եղավ ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանից, ում հետ երեկ մետրոյում վեճի էր բռնվել, մանկահասակ երեխայի ներկայությամբ բղավել ու կորցնելով ինքնատիրապետումը՝ անվանել «Ղարաբաղից փախած»։ «Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություներից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ: Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու: Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել էր Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը վրդովվել էր կնոջ այն արտահայտությունից հետո, երբ վերջինս ասել էր, թե նա չի կարող իրենց զրկել Արցախում ապրելու հույսից։ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- բղավելով ասել էր Փաշինյանը։ Ավելի ուշ պարզ էր դարձել նաև, որ Արմինե Մոսիյանի հայրը զոհվել է Արցախյան ազատամարտում։
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության Խաղաղության հիմնադրամին է դիմել աջակցության երրորդ ծրագրի համար։ «Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ն ստացավ աջակցության երկրորդ տրամադրումը։ Մենք արդեն երրորդի համար ենք դիմել»,- ասաց Միրզոյանը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ և այլն։ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ ստորագրվել է և ուժի մեջ է մտել «Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ տարբեր քաղաքացիական առաքելություններին։ Նշենք, որ Հայաստանն առաջին ծրագրի շրջանակում ստացել էր 10 միլիոն եվրո, երկրորդի դեպքում՝ 20 միլիոն եվրո աջակցություն։
Մեր վարչապետի թեկնածուն ո՛չ հներից է, ո՛չ նորերից, նա ապագայի վարչապետ է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ: Ինչ ասեմ՝ իմ ասածի տեր եմ: Հներից չի լինելու, նորերից չի լինելու»,-նշել է նա: Հարցին՝ իսկ ո՞վ է թեկնածուն, Ծառուկյանը պատասխանել է՝ հենց գա ժամանակը, ըստ կարգի ամեն ինչ կասեն:
Արարատ Միրզոյանն էլ է Նիկոլ Փաշինյանի պես մոտալուտ պատերազմ կանխատեսում, եթե ընտրություններում ՔՊ-ն չհաղթի։ «Սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական նշեց, նկատի ուներ՝ ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ առանձին ընդդիմադիր շրջանակներում գաղափարախոսությունն այն է, թե գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային հավակնություններ ու պահանջներ ունենք։ «Ակնհայտ է, որ եթե մարդիկ այս մտայնությամբ իշխանության գան, անմիջապես խնդիրներ են լինելու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե հիմա խնդիրներն ինչ մեթոդաբանությամբ են խնդիրները լուծվում, Հայաստանը մեծ հավանականությամբ կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց Միրզոյանը։ Արձագանքելով լրագրողների հարցին, թե արդյոք շանտաժ է սա, նախարարն ասաց՝ իրենց քաղաքական իրավունքն է։ «Շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ո՛չ, ինչո՞ւ ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական իրավունքն է»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: