Ներքին 4 ամիս առաջ - 18:13 20-03-2026

Կամ ես, կամ պատերազմ․ Փաշինյանի քաղաքական շանտաժը․ Սուրեն Սուրենյանց

«Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որով նա ընդդիմությանը վերագրում է «խաղաղության վերանայման» և դրա հետևանքով «անխուսափելի պատերազմի» վտանգ, իր խորքում ունի բոլորովին այլ տրամաբանություն՝ իշխանության պահպանման նպատակով արված էժանագին մանիպուլյացիա։
Փաշինյանի կողմից հանրությանը պարտադրվում է կեղծ երկընտրանք՝ «կամ գործող իշխանություն, կամ պատերազմ», ինչը ոչ թե անվտանգության ապահովման, այլ իշխանության վերարտադրության գործիք է։

Հատկանշական է, որ Փաշինյանի նկարագրած սցենարը առավելապես հիշեցնում է ոչ թե այսօրվա ընդդիմության վարքագիծը, այլ հենց իր իշխանության նախապատերազմյան քաղաքականությունը։ 2018-2020 թվականներին բանակցային գործընթացի խզումը, Փաշինյանի առավելապաշտական հայտարարությունները և «զրոյական կետից» սկսելու մոտեցումը հանգեցրին մի իրավիճակի, որտեղ պատերազմը դարձավ գրեթե անխուսափելի։ Այս առումով, այսօր ներկայացվող «վտանգը» արդեն իսկ իրագործված սցենար է՝ գործող իշխանության պատասխանատվությամբ։

Միևնույն ժամանակ, այս հռետորաբանությունն ունի նաև արտաքին վտանգավոր հետևանքներ։ Երբ երկրի ղեկավարը ներքաղաքական ընդդիմախոսներին ներկայացնում է որպես «պատերազմ բերող ուժեր», նա փաստացի ուժեղացնում է Ադրբեջանի նարատիվը, ըստ որի՝ Հայաստանի ներսում ցանկացած իշխանափոխություն կարող է դիտարկվել որպես «ռևանշիզմ»։ Արդյունքում, ներքաղաքական գործընթացները դառնում են արտաքին շահարկման գործիք, ինչը լրջագույն հարված է ինքնիշխանությանը։

Գործող իշխանությունը փորձում է ներկայանալ որպես խաղաղության միակ երաշխավոր, սակայն փաստերն այլ բան են վկայում։ Միակողմանի զիջումների վրա հիմնված քաղաքականությունը չի ապահովել ո՛չ կայունություն, ո՛չ անվտանգություն։ Ավելին, նման մոտեցումը հաճախ ընկալվում է որպես խոցելիության դրսևորում, որը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է ճնշումների և նոր էսկալացիայի հավանականությունը։

Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությունը՝ իշխանափոխությունը նույնացնելով պատերազմի վտանգի հետ, նպատակային կառուցված մանիպուլյացիա է։

Ռիսկը պայմանավորված չէ ոչ թե իշխանության փոփոխությամբ, այլ քաղաքականության բովանդակությամբ։ Եթե գործող մոդելը արդեն բերել է պատերազմի և շարունակում է չապահովել կայուն խաղաղություն, ապա դրա շարունակությունն ինքնին ավելի մեծ վտանգ է պարունակում։

Այս պայմաններում իշխանափոխությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ վերանայելու սխալները, վերականգնելու արտաքին քաղաքական հավասարակշռությունը և ձևավորելու ավելի հաշվարկված ու պատասխանատու անվտանգային քաղաքականություն։ Ի վերջո, «կամ ես, կամ պատերազմ» բանաձևը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ մանիպուլյատիվ գործիք»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան