Կասպից ծովում իրանական նավատորմի հնարավոր ոչնչացումը կարող է լոգիստիկ լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությանը, թե իր երկիրը ոչնչացրել է Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը։
Նեթանյահուն ավելի վաղ պնդել էր, որ Իրանը ուրանի հարստացման կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություն չունի, քանի որ Իսրայելը ոչնչացրել է Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը։ «Իրանը փորձում է շանտաժի ենթարկել աշխարհին՝ փակելով Հորմուզի նեղուցը, դա չի ստացվի։ Իսրայելը իր ձևով նպաստում է Հորմուզի նեղուցը բացելու ամերիկյան ջանքերին»,- նշել էր նա։
Վարդանյանի գնահատմամբ՝ եթե իսկապես նման հարված է հասցվել, ապա դա կարող է լոգիստիկ լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար, հատկապես՝ Կասպից ծովով իրականացվող մատակարարումների տեսանկյունից։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի շուրջ հնարավոր զարգացումներին՝ Վարդանյանը նկատեց․ «Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր է տեղափոխում Հորմուզի ափամերձ հատվածներ, և չի բացառվում, որ ուժային տարբերակ կիրառվի նեղուցը բացելու և վերահսկելու համար»։
Քաղաքագետի խոսքով՝ տեղի ունեցողը ցույց է տալիս նաև հարվածների աշխարհագրական ընդլայնումը։
«Սա ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է հասնել Իսրայելի գործողությունների շրջանակը»,- ընդգծել է նա։
Միաժամանակ, քաղաքագետը նշել է, որ Իրանի ղեկավարության դեմ հարվածները նաև հոգեբանական ազդեցություն ունեն, սակայն կառավարման համակարգը շարունակում է գործել։
Անդրադառնալով Իրանի ղեկավարության դեմ իրականացվող թիրախային հարվածներին՝ քաղաքագետը ընդգծեց հատկապես դրանց հոգեբանական ազդեցությունը։ Վարդանյանը հավելեց, որ չնայած կորուստներին, համակարգը շարունակում է գործել, իսկ ԱՄՆ-ի և Իսրայելի նախնական ծրագիրը լիարժեք չի իրագործվել։