«Կանանց նկատմամբ բռնությունը չի քչացել, ես դրա հետ համաձայն չեմ»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց «Կանանց աջակցման կենտրոնի» գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել էր գենդերային հավասարության ոլորտում արձանագրված զգալի առաջընթացը։
Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունում մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70), իսկ ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին։
«ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը»,- ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ։
Մաթոսյանը շեշտում է՝ իրենք ունեն աջակցման կենտրոններ, և տարեցտարի տեսնում են, որ բռնության դեպքերը շատանում են»։ Ոլորտի փորձագետը փաստում է, որ իրական պատկերն այլ է։
«Դա հասարակության գիտակցության խնդիրն է, պետք է կարծրատիպերը կոտրվեն»,- նշում է Մաթոսյանը, ապա ընդգծում՝ թեև մշակվել են իրավական ակտեր և իրականացվում են վերապատրաստումներ, բայց խնդիրը շարունակում է մնալ մենթալիտետը, որի փոփոխման համար ժամանակ է հարկավոր։
ՀԿ ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց մեդիայի դերին՝ նշելով, որ հեռուստացույցը պետք է այնպիսի սերիալներ ցուցադրի, որտեղ կինը միշտ տուժած կարգավիճակում չլինի, այլ լինեն գենդերային հավասարության օրինակներ։
Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց դերի վերաբերյալ հնչող ձևակերպումներին, Մաթոսյանը շեշտեց, որ կարևոր է կին նախարարների և համայնքային պաշտոնյաների առկայությունը որպես օրինակ։ Նա նշեց, որ այն խթանում է գենդերային հավասարությանը։
«Երբ կինը տեսնում է, որ ինքը կարող է լիդեր և պաշտոնյա լինել, այդ ժամանակ կոտրվում է այն կարծրատիպը, թե կինը միայն պետք է մնա տանը»,- նկատում է նա։
Մաթոսյանն ուշադրություն հրավիրեց նաև իրավական դաշտում առկա ընթացակարգին, ըստ որի՝ եթե կան բավարար ցուցմունքներ, ընտանեկան բռնության հայցը գնում է դատարան, նույնիսկ եթե կինը փորձում է հրաժարվել դրանից։ Այնուամենայնիվ, նա հավելեց, որ շատ գործեր կարճվում են հենց այն պատճառով, որ կանայք քննչական փուլում հրաժարվում են հետագա մասնակցությունից։