Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:32 17-03-2026

Ի՞նչ ձևաչափով է «Ժառանգություն»-ը մասնակցելու ընտրություններին․ որոշումը՝ ապրիլին

««Ժառանգություն» կուսակցությունը նախատեսում է մասնակցել հունիսին կայանալիք ընտրություններին, սակայն մասնակցության ձևաչափը դեռ վերջնականապես որոշված չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը։

Oragir.News-ի հարցին՝ թե ո՞ր քաղաքական ուժի ցուցակով են պատրաստվում մասնակցել՝ արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին հստակ որոշում չկա։

«Էս պահի դրությամբ որևէ որոշում չկա վարչությունում, որ կարողանամ Ձեզ ինչ-որ հստակ բան ասել։ Կուսակցության համագումարում այդ հարցը վերջնականապես կորոշվի»,- նշեց նա և հավելեց,- «կուսակցությունը ապրիլի 4-ին կանցկացնի իր հերթական համագումարը և կկայացնի որոշում այս ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ»։

Ավելի վաղ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։

«Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է։ Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»,- ասել էր Հովհաննիսյանը։