«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Անցած հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ավտոբուսով քարոզարշավի էր մեկնել սահմանամերձ Սյունիքի մարզ։ Մարզի համայնքներից և ոչ մեկում վարչապետին համայնքապետերը չեն դիմավորել։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ այցի ընթացքում Փաշինյանին և նրա թիմակիցներին ուղեկցում էր միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության և սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը, որի շրջանակում պետք է միավորվեն Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները։
Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այդ նախաձեռնության հիմնական շահառուներից մեկը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որը ակտիվ աշխատում է, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդեն մեկ տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողականորեն փորձում է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ առնչվող քրեական վարույթը, որը 2023-ից քննվում է։ Սակայն ստացվող պաշտոնական պատասխանները ոչ թե պարզաբանում են իրավիճակը, այլ ավելի շատ հարցեր են առաջացնում։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։ Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, եւ նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու եւ չի խանգարելու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «գիծն» առաջ տանել, պարզվում է՝ Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին՝ 2018-2019 թթ․։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021 թ. Դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արեւմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի եւ Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաեւ մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։ Այդ պարագայում, կարծում են, որ անցողիկ շեմը կհաղթահարեն, եւ ՔՊ-ն էլ ապահովագրված կլինի հետընտրական կոալիցիայի հարցում, սակայն մինչ այս պահը Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում։ Նա վստահ է, որ միայնակ էլ կհաղթահարի անցողիկ 4 տոկոսը, եւ դեմ է միավորմանը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, հիմնականում անարդյունավետ են։ Չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը, համայնքներում ակնկալվող բազմամարդ հանդիպումները չեն կայանում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման թեմա են դարձել իշխանական շրջանակների կողմից կիրառվող խորհրդանշական ժեստերը։ Խոսքը հատկապես այն հայտնի «սրտիկի» մասին է, որը իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս հանրային հանդիպումների ժամանակ և ցանկանում են դարձնել իրենց նախընտրական խորհրդանիշ։ Օգտատերերի մի հատված ուշադրություն է հրավիրում, որ այդ ժեստը որոշ դեպքերում հիշեցնում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի տարբերանշանը։