Հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված լարվածությունն օրեցօր աճում է։ «էսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության, հարյուր տոկոսով օտարերկրյա էմիսարներ են, մարդիկ եկել են, իրենց հայրենիքում ներկայանում են որպես օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին Կապանում քաղաքացիների հետ զրույցում:
Ինչպե՞ս են արտաքին ուժերը միջամտում Հայաստանում ընտրություններին։ Ինչո՞ւ նախկինում նման մտահոգություն չկար։
Երեկ Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարը Բուդապեշտում հանրահավաքի ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանին դավաճան է անվանել՝ մեղադրելով նրան ապրիլի 12-ի ընտրություններին ռուսական գործակալների ներգրավելու, երկիրը կրկին ռուսների ոտքի տակ դնելու, անկախության դեմ գործելու մեջ։ Փաշինյանն Օրբանից ինչո՞վ է տարբերվում։ Եթե Մոսկվան Հունգարիայում աջակցում է Օրբանին, ապա ինչո՞ւ ՀՀ-ում Փաշինյանին չի աջակցելու, այլ նրա հետ պայքարի մեջ մտած նոր կամ մաշված ուժերին։
Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում ընտրություններին ռուսական միջամտությունն առաջին անգամ եղել է 1947-ին։ Այն երկրներում, որտեղ Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային զորքեր էին մտել, ընտրություններում ռուսական աջակցությամբ հաղթեցին ռուսամետ ուժերը, և հաստատվեցին դրածո վարչախմբեր, որոնք իշխեցին մինչև 1989-ը՝ Սառը պատերազմի ավարտը։ Հիմա նախկին գործակալների միջոցով՝ ՌԴ-ն որոշ երկրներում փորձում է երկարացնել իր ազդեցությունը։
ՀՀ-ում ընտրություններին ռուսական միջամտությունը սկսվել է 1995-ից, երբ մարտի 16-ի ապօրինի պայմանագրով ՀՀ-ում տեղակայվեց ռուսական ռազմակայան, ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում նոր կարգավիճակ ստացավ։ Ընտրություններում ռուսական միջամտության նկատակն այն էր, որ ՀՀ-ում ռուսական ազդեցությունը պահպանվի, ռուսական զորքերը դուրս հրավիրելու հարց չբարձրացվի, լյուստրացիա, դեսովետիզացում չարվի։ Եթե Փաշինյանն այս ամենն ապահովում է, ռուսական բազան հանելու մասին չի մտածում, ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց չի սկսում, հայ-ռուսական օրակարգն աչքի լույսի պես է պահում, ապա Մոսկվան ինչո՞ւ պետք է աջակցի նրա մրցակիցներին։ Սա ռիսկային է, քանի որ կարող է հակազդեցություն առաջացնել ժողովրդի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից, ինչից կտուժի առաջին հերթին Մոսկվան։
Ուշագրավ է, որ 1995-ից ՀՀ ընտրություններին ռուսական միջամտություն եղել է, բայց միայն հիմա են այս մասին խոսում, այն էլ՝ առանց ռուսների անունը տալու։ Նախկինում, հավանաբար, ամաչում էին այս մասին բարձրաձայն խոսել։ Այսօր մասնակցության հայտ ներկայացրած որոշ ուժեր կարող են խոստովանել, թե ինչպես են համագործակցել Մոսկվայի հետ, ինչ աջակցություն են ստացել, ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանը իրենց համամասնական ցուցակը կազմելու հարցում։ Փաշիյանն այս մասին, հավանաբար, գիտի ու ենթադրում է, որ այս անգամ ևս նույնպիսի ռուսական միջամտություն լինելու է։ Տաբերությունն այն է, որ հիմա այս մասին խոսում են՝ առանց ամաչելու։
Վերջապես՝ մտահոգիչ է, որ Փաշինյանը քաղաքական բոլոր մրցակիցներին օտարերկրյա էմիսար է որակում։ Սա ծանր մեղադրանք է, դավաճանության պես մի բան։ Եթե այսպիսի հայտարարություն արվեր նորմալ, ժողովրդավարական երկրում, ապա իրավապահն անմիջապես վարույթ կհարուցեր, կզեկուցեր, թե ինչ միջոցներ են ձեռնարկել, որ կասեցնեն ընտրությունների վրա արտաքին միջամտությունը։ Իսկ ամբաստանվողները կաշվից դուրս կգային մեղադրանքը հերքելու, իրենց անմեղությունն ապացուցելու, արդարանալու համար։
Ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու ՀՀ համապատասխան կառույցները, որ ընտրություններին ռուսական միջամտությունը չեզոքացվի։ Եվ ի՞նչ են անելու ընդդիմադիր ուժերը։
Հոռետեսները կարծում են, թե Փաշինյանի այս խոսքին ոչինչ չի հետևի, քանի որ ինքն էլ է ռուսական աջակցություն վայելում՝ ինչպես 2018-ին, երբ ֆորպոստի վարչապետ կարգվեց։
Իսկ տարածված վարկածն այն է, որ Փաշինյանը մարտի 15-ին Կապանում, պատկերավոր ասած՝ հռչակեց վհուկների որսաշրջանի բացումը։ Սա ռուսական միջամտությունը չեզոքացնելու խնդրի մասին չէր, այլ անուղղակի ցուցում էր ԱԱԾ-ին, որ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների վրա գործեր բացի։ Սա բաց շանտաժ էր, որով նա սպառնաց քաղաքական մրցակիցներին։ Եթե ընդդիմադիր ուժերը համարժեք պատասխանեն և Փաշինյանին մեղադրեն ռուսական շահեր սպասարկելու մեջ, ապա կխուսափեն հանիրավի բռնաճնշումներից։ Իսկ եթե անպատասխան թողնեն այս ծանր մեղադրանքը, ապա կհաստատեն, որ ռուսական գործակալ են։
Այս պարագայում եթե ընտրությունները չընթանան այնպես, ինչպես նախանշել են Փաշինյանն ու նրա կրեմլյան հովանավորն, ապա բռնաճնշումներ կլինեն այն ռուսական գործակալների հանդեպ, որոնք ոտքերը վերմակից դուրս կհանեն կամ ծուլություն կանեն։
Կարճ ասած՝ չհիմնավորված լավատեսություն կա, որ հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերն առաջիկա օրերին հայց կներկայացնեն Փաշինյանի դեմ, նրան մեղադրելով զրպարտության, ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Այս պարագայում աշխարհում կարող են ասել, որ ՀՀ կուսակցությունները, բացառությամբ՝ ՔՊ-ի, ազգային արժանապատվություն ունեն, քանի որ ռուսական էմիսարներ չեն, այսինքն՝ ազգադավ չեն։ Ավելին՝ լավ կարծիք կարող են կազմել հայ ժողովրդի մասին, որը համակրում է այդ ազգանվեր ուժերին։
Թաթուլ Մկրտչյան