Ներքին 3 ամիս առաջ - 14:33 16-03-2026

Դադարեցնե՛լ ծառերի սպանդը. 2 օրում 338 ստորագրություն է հավաքվել

Երևանում իրականացվող լայնածավալ ծառահատումների դեմ սկսված ստորագրահավաքին արդեն միացել է 338 քաղաքացի։ Նախաձեռնությունը մեկնարկել է երկու օր առաջ և, ակտիվիստների խոսքով, շարունակում է նոր աջակիցներ հավաքել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ակտիվիստ Կարինե Փանոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ստորագրահավաքը նախաձեռնել է «Բնություն հանուն առողջության» նախաձեռնության կանանց խումբը։

«Նախ՝ շնորհակալություն բոլոր լրագրողներին, որ թեման մշտապես պահում են ուշադրության կենտրոնում։ Նշեմ, որ այս ստորագրահավաքը սկսել են «Բնություն հանուն առողջության» նախաձեռնության կանայք։ Նպատակն է պահանջել քաղաքապետարանից դադարեցնել ծառերի սպանդը, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, առողջ միջավայրի ձևավորման հետ կապ չունի»,- ասաց Փանոսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորումները, թե իրականացվում է կանաչապատման «թարմացում», իրականությանը չեն համապատասխանում։ Ակտիվիստը պնդում է, որ քաղաքում հատվում են ոչ միայն վնասված, այլև առողջ ծառեր։

«Առողջ լինեն ծառերը, առողջ չլինեն՝ բոլոր ծառերը ուղղակի հնձվում են, և դրանց տեղում տնկվում են ծառեր, որոնք պատշաճ դեր չեն ունենա Երևանի կանաչապատման հարցում։ Դրանք բավարար սաղարթ և թթվածին ապահովելու հնարավորություն չունեն»,- նշեց նա։

Փանոսյանի խոսքով՝ նման քաղաքականությունը կարող է ավելի խորացնել արդեն իսկ լուրջ խնդիր հանդիսացող օդի աղտոտվածությունը Երևանում։

«Երևանն՝ առանց այն էլ փոշու մեջ կորած է՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, լայնածավալ շինարարությունը, արդյունաբերական և ավտոմեքենաներից արտազատվող գազերը։ Այս պայմաններում ծառահատումները նպաստում են, որ օդը շատ ավելի աղտոտված լինի»,- ասաց ակտիվիստը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով են պայմանավորված ծառերի փոխարինման վերաբերյալ որոշումները, Փանոսյանը կասկածի տակ դրեց այդ գործընթացը գնահատող հանձնաժողովների մասնագիտական կարողությունները։ Ակտիվիստի խոսքով՝ այժմ արդեն կան ամբողջական փողոցներ, որտեղ սաղարթավոր ծառեր գրեթե չեն մնացել։

«Այս պահին ամբողջական փողոցներ ունենք, որտեղ ոչ մի հատ սաղարթով ծառ չի պահպանվել։ Սա արդեն անգրագիտություն է։ Խոսքն առողջ ծառերի մասին է, որոնք անխնա կտրվում են, և հսկայական սաղարթները վերանում են քաղաքային միջավայրից»,- ասաց Փանոսյանը։

Նրա գնահատմամբ՝ ծառահատումների հետևանքները զգացվելու են նաև ամռանը, երբ քաղաքում ջերմաստիճանը կարող է ավելի ծանր լինել։

«Ծառը ստվերում պահում է որոշակի ջերմաստիճան։ Եթե օդի ջերմաստիճանը 35 աստիճան է, ծառի ստվերում այն կարող է պահպանվել նույն մակարդակի վրա, մինչդեռ արևի տակ կարող է հասնել 50–60 աստիճանի։ Այս պարագայում մենք նաև տապի ավելի մեծ խնդիր ենք ունենալու»,- նշեց նա։

Փանոսյանի խոսքով՝ քաղաքակիրթ երկրներում ծառերի փոխարինումը իրականացվում է աստիճանաբար՝ այնպես, որ քաղաքը չզրկվի կանաչ սաղարթից։

«Ընդունված է, որ ծառերի փոխարինումը արվում է մեկումեջ սկզբունքով։ Եթե իրար հաջորդող վնասված կամ ծեր ծառեր կան, հեռացնում են ամենավտանգվածները և տնկում նորերը, որպեսզի մինչև մեծ ծառերի փոխարինման ժամանակը նոր տնկվածները հասցնեն աճել և ապահովել անհրաժեշտ սաղարթ ու թթվածին»,- ասաց նա։

Անդրադառնալով քաղաքացիների արձագանքին՝ ակտիվիստը նշեց, որ մեծամասնությունը դժգոհ է իրականացվող քաղաքականությունից։

«Բոլորը զայրացած են։ Ես երևի 100-ից ընդամենը 2 հոգու եմ հանդիպում, որ ասում են՝ պետք է փոխարինել հին ծառերը։ Սրանք այն մարդիկ են, որոնք հավատում են իշխանությունների խոսքերին և պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում կանաչ գոտի և առողջ միջավայր»,- եզրափակեց Կարինե Փանոսյանը։