Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:49 11-03-2026

Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ. Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է ընկալել որպես ինքնիշխան պետության ղեկավարի պատասխանատու խոսք։ Այն ավելի շատ հիշեցնում էր ներքաղաքական հաշվեհարդարի փորձ՝ տեղափոխված միջազգային հեղինակավոր հարթակ։

Փոխարենը ներկայացնելու Հայաստանի պետական շահերը, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային իրողությունները, Փաշինյանը եվրոպական ամբիոնը օգտագործեց սեփական ընդդիմախոսներին պիտակավորելու համար։

Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և իշխանության ընդդիմախոսներին ներկայացրեց որպես «պատերազմի կուսակցություն»՝ փորձելով նրանց կապել արտաքին ուժերի հետ և նրանց վերագրել Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամություն։ Իրականում սա ոչ թե քաղաքական գնահատական էր, այլ քաղաքական պիտակավորում՝ ուղղված սեփական ընդդիմախոսներին միջազգային լսարանի առաջ վարկաբեկելուն։

Երբ երկրի ղեկավարը միջազգային հեղինակավոր ամբիոնից սեփական հասարակության մի հատվածին ներկայացնում է որպես վտանգավոր ուժ կամ արտաքին ազդեցության գործիք, նա փաստացի իր երկրի ներքաղաքական հակամարտությունը տեղափոխում է արտաքին հարթակ։ Այդպիսի քայլը ոչ թե ուժեղացնում է պետությունը, այլ ցույց է տալիս իշխանության քաղաքական թուլությունն ու անվստահությունը սեփական հասարակության նկատմամբ։

Փաշինյանի ելույթում ակնհայտ էր նաև մեկ այլ նպատակ։ Նա փորձեց Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դիմակայություն՝ իշխանությանը հակադրելով իբր «ռուսամետ պատերազմի կուսակցությանը»։ Այս նարատիվը վաղուց է օգտագործվում ներքաղաքական պայքարում, սակայն երբ այն հնչում է եվրոպական ամբիոնից, այն ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ։ Դա ավելի շատ հիշեցնում է հաշվետվություն արևմտյան հովանավորներին, քան ինքնիշխան պետության ղեկավարի ելույթ։

Փաստորեն, Փաշինյանը եվրոպական լսարանին փորձում էր համոզել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվում են «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։

Սա վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլ նաև արտաքին ուժերին ներգրավում է Հայաստանի ներքին քաղաքական հակամարտության մեջ։

Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին և նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը՝ եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս»։

Հունիսի 7-ը դառնում է ոչ միայն հերթական ընտրության օր, այլ հանրային դատավճիռ այն քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույնությունն ու քաղաքական սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում։

Այդ օրը քաղաքացիները փաստացի որոշելու են՝ Հայաստանը շարունակելո՞ւ է շարժվել արտաքին կենտրոնների հաշվարկներին ենթարկված իշխանության ճանապարհով, թե՞ ընտրելու է ինքնիշխան, արժանապատիվ և անկախ պետական զարգացման ուղին, մենք ընտրելո՞ւ ենք Հայաստանի հանրապետություն մնալու, թե «Արևմտյան Ադրբեջան» դառնալու անփառունակ ճանապարհը»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»