Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել դեռ 2020-ից քննվող մի գործով։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, Հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։
Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: Իրավապահների այս քայլը հարցեր է առաջացնում՝ հատկապես այն առումով, թե ինչու է նման որոշում կայացվում հենց հիմա։
Oragir.News-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, պատասխանելով հարցին՝ արդյոք նման քայլը կարո՞ղ է իրականում հանգեցնել քրեական պատասխանատվության, թե՞ հնարավոր է այն կրի ձևական բնույթ, պարզաբանեց, որ իրավական ընթացակարգը նման դեպքերում կարող է տարբեր զարգացումներ ունենալ։
«Եթե անձը հետախուզման մեջ է, պետությունը կարող է կամ սահմանափակ հետախուզում հայտարարել, կամ էլ դատարանը կարող է որոշում կայացնել խափանման միջոց կալանք կիրառելու մասին՝ անձին հայտնաբերելուց հետո»,- նշեց նա։
Միաժամանակ, կա ձևավորված կարծիք, թե նման գործընթացները երբեմն ցուցադրական բնույթ են կրում։
Այս դիտարկմանը արձագանքելով՝ Սաքունցը նշեց. «Ովքեր այդպես են մեկնաբանում, թող մեկնաբանեն։ Խնդիրն այն է, որ այո, այս քայլերը պետք է ժամանակին արվեին։ Մենք հենց սկզբից ենք բարձրաձայնել այդ պահանջը՝ քաղաքական և իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին, խոսել ենք նաև համապատասխան հանձնաժողովների ձևավորման մասին»։
Իրավապաշտպանի խոսքով՝ ներկայումս ավելի շատ գործ ունենք ուշացած արդարադատության դրսևորումների հետ։
«Հիմնական խնդիրը գործընթացների ուշացումն է։ Նման գործընթացները հաճախ ժամանակային համընկնումներ են ունենում քաղաքական իրադարձությունների հետ, ինչի պատճառով էլ հանրության մեջ ակամա հարցեր են առաջանում։ Բայց այն, որ այդ խնդիրները պետք է լուծվեն, որևէ մեկը չի վիճարկում։ Այ, սա է ամբողջ հարցը։ Այո, կան և կային բավարար հիմքեր պատասխանատվության ենթարկելու, բայց ոչ ուշացած,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը՝ շարունակելով,- հարցն այն է, թե ինչու է դա տեղի ունենում ուշացած և հաճախ ամենաանհարմար ժամանակներին։ Այդ առումով ես չեմ կարծում, թե խոսքը շոուի մասին է. պարզապես անում են այնքան, որքան կարողանում են»։